21:51  ,  8 դեկտեմբերի, 2020

Վորոնինի գավաթ. Հայաստանը կունենա երկու մասնակից

Վորոնինի գավաթից մեդալների ակնկալիք ունենք, բայց անկանխատեսելի է, քանի որ այս տարի ամեն ինչ մի փոքր հանելուկային է: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը:

Դեկտեմբերի 17-21-ը Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի կունենա կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխային Վորոնինի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայանալու է երկու մարմնամարզիկով: Այս օրերին Հայաստանի հավաքականի 5 անդամ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցնում Մինսկում: 

«Վորոնինի գավաթին մասնակցելու ենք երկու մարմնամարզիկով՝ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը: Արթուր Դավթյանի համար մրցման մասնակցելն այս շրջանում շատ կարեւոր է, քանի որ այս տարի քիչ մրցաշարեր ունեցանք: Բացի այդ՝ Արթուրը պետք է պահպանի մարզավիճակ, քանի որ շուտով մեկնարկելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլը:

Արմեն Պետրոսյանը նոր է զորացրվել բանակից: Այս պահին մեզ համար կարեւոր է՝ հասկանանք, թե ինչ վիճակում է մարմնամարզիկը, ինչ հնարավորություններ ունի եւ ինչ աշխատանք ունենք նրա հետ անելու: Այդ պատճառով Վորոնինի մրցաշարում կմասնակցի  Արմեն Պետրոսյանը Արթուր Դավթյանի հետ:

Վորոնինի գավաթին մասնակցում ենք երկու մարմնամարզիկով ըստ հրավիրող կողմի պահանջի: Մասնակցության հետ կապված ամբողջ ծախսերը հոգում է կազմակերպիչը: Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայանա երկու մարմնամարզիկով: 

Մեդալների ակնկալիք ունենք, բայց անկանխատեսելի է, քանի որ այս տարի ամեն ինչ մի փոքր հանելուկային է:

Տղաների մարզավիճակը նորմալ է: Այժմ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք ենք անցնում Մինսկում, որին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Բացակայում է միայն Հարություն Մերդինյանը: Արմեն Պետրոսյանը Վորոնինի գավաթին պատրաստվում է Երեւանում՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Մինսկի հավաքից առաջ երկու ամիս բացարձակ չմարզվեցինք: Այս առումով տղաների մարզավիճակը գնահատում եմ միջին:  

Արթուրը եւ Արմենը մասնակցելու են բազմամարտում: Այս պահին Արթուրն արդեն բոլոր 6 գործիքներն էլ անում է: Իմ տեղեկություններով մեր մասնակցության օրերն են դեկտեմբերի 19, 20:

2020 թվականին մրցաշարերի մասնակցության առումով շատ ընդմիջումներ ունեցանք: Մարզումներն էլ դադարներով եղան: Մի փոքր բարդ է լինելու այսպես պատրաստվել Օլիմպիական խաղերին, բայց դեռ չենք շտապում. այս պահին առաջնահերթությունը մեր երկրի  կայությունն է:

Պատերազմը սկսվելուն պես Կիեւում էինք, չարթերային թռիչքով վերադարձանք Հայաստան եւ երկար ժամանակ մարզվել չստացվեց: Պատերազմ, կորոնավիրուս,  տղաներին կանչում էին զորամասեր, կամավորագրվում էին, բոլորի ուշադրությունը Արցախում էր, առաջնագծում: Այդկերպ հնարավոր չէր կենտրոնանալ մարզումների վրա:

Որպեսզի կարողանանք կենտրոնանալ, կտրվել այդ ամենից, որոշեցինք դուրս գալ երկրից եւ արտագնա ուսումնամարզական հավաք անցկացնել: Դեռ Միսկում ենք: Մի քանի օրից կավարտենք հավաքը, կվերադառնանք Հայաստան, դեկտեմբերի 17-ին կմեկնենք Պենզա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով