20:04  ,  4 դեկտեմբերի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Պատերազմն իր բացասական, նաեւ դրական հետեւանքները կթողնի հավաքականի, տղաների հոգեվիճակի վրա (ֆոտո)

Աշխարհի գավաթը կարեւոր մեկնարկ կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլի համար: Հայաստանի առաջնության արդյունքներն օգնեցին, որ ընտրենք կազմը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Դեկտմբերի 12-18-ը Սերբիայում անցկացվելիք աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը ներկայացուցիչներ կունենա 8 քաշային կարգերում՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ)  եւ Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

«92 եւ 97 կգ քաշային կարգերում ներկայացուցիչներ չենք ունենա: Այս պահին պատրաստ ըմբիշներ չունենք այս երկու քաշերում: Կազմը որոշվեց վերջերս անցկացրած Հայաստանի առաջնության արդյունքներով: Մինչ այդ մրցաշարեր չենք ունեցել: Կարողացել ենք մի քանի հավաք միայն անցկացնել, բայց ամեն դեպքում մրցման պակաս կար տղաների մոտ:  Ըմբիշների մարզավիճակն, իրավիճակին համապատասխան, նորմալ է:

Պատերազմն իր բացասական, նաեւ դրական հետեւանքները կթողնի հավաքականի, տղաների հոգեվիճակի եւ, առհասարակ, մրցաշարին պատրաստման փուլի վրա: Պատերազմի օրերին ունեցանք շատ դժվար պահեր, առաջնագծում էին նաեւ մեր մարզաձեւի մարզիկներ, որոնք երիտասարդական հավաքականից են: Պատերազմը թողել է ազդեցություն եւ զգացվում է տղաների վրա: Դա մեր իրականությունն էր եւ պետք է հաշտվեինք այդ իրականության հետ: Ամեն դեպքում հետքը մնալու է ինչպես բոլորի, այնպես էլ մարզիկների վրա»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, աշխարհի գավաթը կարեւոր մեկնարկ կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի համար:

«Վերջին մրցաշարը մեծահասակների համար եղել է փետրվարին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը: Դրանից հետո միջազգային մրցաշարի չենք մասնակցել: Սա առաջինն է եւ, իմ կարծիքով, կարեւոր է ոչ միայն աշխարհի գավաթի առումով, այլեւ հաջորդ տարվա Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի համար: Կարելի է ասել՝ աշխարհի գավաթը մեկնարկային մրցաշար կլինի մեր հավաքականի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլում:

2021 թվականը օլիմպիական է: Արդեն ունենք մրցաշարերի օրացուցային պլանը: Մրցաշարերը կսկսենք հունվարից, փետրվարին Եվրոպայի առաջնությունն է, նույն վայրերում եւ նույն ժամկետներում կանցկացվեն հետաձգված վարկանիշային մրցաշարերը, որոնք նախատեսված էին 2020 թվականին»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճայինները երկշաբաթյա հավաք են անցկացնում Երեւանի «Օլիմպավանում»: Հավաքականի հետ, բացի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանից եւ մարզիչ Էդգար Ենոքյանից, աշխատում է նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ Պատրիկեեւն իր ցանկությամբ է որոշել օգնել նաեւ ազատ ոճի ծանր քաշային կարգի ըմբիշներին:

«Յուրի Պատրիկեեւը վերադարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական, նա մարզվում է ու նաեւ օգնում է հունահռոմեականների ծանր քաշային ըմբիշներին: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ցանկություն հայտնեց աշխատել նաեւ ազատ ոճայինների հետ: Ինքս դեմ չեղա: Այժմ սիրով օգնում է նաեւ մեր տղաներին, մասնակցում մարզումներին»,- նկատեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 14-ին, մրցագորգ դուրս կգան դեկտեմբերի 16-17-18-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում