18:04  ,  4 դեկտեմբերի, 2020

ՀՖՖ նախագահի հեռավար ասուլիսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար մամուլի ասուլիսում պատասխանել է լրատվամիջոցների ուղարկած հարցերին։

Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին, որը կորոնավիրուսի համավարակով եւ ռազմական դրության պայմաններում ստեղծել մարտունակ թիմ եւ հաղթել Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում։

Արմեն Մելիքբեկյանը հերքել է լուրերը, որ ՀՖՖ-ն այդ հաջողության համար ՈւԵՖԱ-ից ստացել է 2 միլիոն 250 հազար եվրո։

«Ազգերի լիգայի խմբային փուլում առաջին տեղ գրավելու համար մենք չենք ստացել ՈւԵՖԱ-ից 2 միլիոն 250 հազար եվրո պարգեւավճար։ Մենք ստանում ենք հեռուստաիրավունքի վաճառքից եւ այլ հատկացումներից սահմանված գումար, իսկ այդ գումարը չենք ստացել»,- նշել է Մելիքբեկյանը։

Հայկական ֆուտբոլի ղեկավարը հայտնել է, որ Հայաստանի հավաքականը շարունակում է բանակցել դրսում հանդես եկող ազգությամբ հայ երիտասարդ ֆուտբոլիստների հետ։

«Ազգային հավաքականի հնարավոր նորեկների հետ խոսում ենք։ Էդուարդ Սպերցյանի հետ հաջորդ տարվա սկզբին առարկայական կխոսենք։ Կապառոսը երիտասարդ ֆուտբոլիստների է ներգրավում Հայաստանի առաջնության թիմերից եւ կշարունակի այդ պրակտիկան»,- ասել է ՀՖՖ նախագահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում