17:10  ,  4 դեկտեմբերի, 2020

Հայաստանի 3 առաջատար դահուկորդներ մեկնարկում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերում

Հայաստանի երեք առաջատար դահուկորդներ մեկնարկում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Փորձելու են բարելավել իրենց վարկանիշային միավորները։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Դեկտեմբերի 5-ից Ֆինլանդիայում տեղի կունենա օլիմպիական վարկանիշային 3 մրցաշար, որին ներկայացուցիչներ կունենա նաեւ Հայաստանը։ Վարկանիշների համար կպայքարեն Թադեւոս Պողոսյանը, Միքայել Միքայելյանը եւ կանանց հավաքականից Սոչի-2014-ի Օլիմպիական խաղերի մասնակից Կատյա Գալստյանը։

«Դահուկավազքի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 29-ից Ֆինլանդիայում է, որտեղ էլ կայանալու են վարկանիշային մրցաշարերը: Մինչ մրցավայր մեկնելը թիմը գտնվում էր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցնում:

Հավաքից հետո բավական բարդ գործընթացի  արդյունքում կարողացանք թույլտվություն ստանալ Ֆինլանդիա մեկնելու համար: Իրոք շատ բարդ ստացվեց կապված վիզաների, այլ ընթացակարգերի հետ, բավական ծախսատար ու ժամանակատար, նաեւ նյարդային պրոցեսի միջով անցանք մինչեւ թիմի անդամների փաստաթղթերը կազմակերպեցինք:

Քանի որ Հայաստանում ռազմական դրություն էր, մինչեւ անգամ մարզիկների անհատական թույլտվություններ ստանալը պահանջվեց: Հաջողեցինք, հավաքն անցանք եւ այժմ դեկտեմբերի 5-ից Հայաստանի դահուկավազքի առաջատարները կփորձեն ուժերը վարկանիշային մրցաշարերի երեք փուլերում, որոնք տեղի են ունենալու Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում:

Առաջինը Ռուկա քաղաքում է դեկտեմբերի 5-6-ը. Կատյա Գալստյանը կմասնակցի 1,4 կմ  ազատ ոճում՝ արագավազք, 5 կմ՝ դասական ոճ, Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը՝ 1.4 կմ ազատ ոճ՝ արագավազք, 10 կմ դասական ոճ:

Երկրորդ փուլը դեկտեմբերի 12-13-ն է Ռովանիեմի քաղաքում. Կատյա Գալստյան՝ 1,4 կմ ազատ ոճ՝ արագավազք, 10 կմ՝ ազատ ոճ, Միքայել Միքայելյան, Թադեւոս Պողոսյան՝ 1,4 կմ ազատ ոճ՝ արագավազք, 15 կմ՝ ազատ ոճ:

Երրորդ փուլը դեկտեմբերի 19-ին է Սաուկովարա քաղաքում. Կատյա Գալստյան 1,4 կմ ազատ ոճ, Միքայել Միքայելյան, Թադեւոս Պողոսյան՝ 10 կմ ազատ ոճ

Մեր մարզիկները կփորձեն իրենց օլիմպիական վարկանիշները բարելավել:

Այժմ պատրաստում ենք լեռնադահուկի թիմից երկու ներկայացուցչի թղթերը, որպեսզի կարողանանք նրանց եւս ուղարկել Ռուսաստան հավաքի եւ այնտեղից վարկանիշային մրցաշարերի: Մեծ հույս ունեմ, որ մեր երկիրը թույլտվություն կտա նաեւ լեռնադահուկորդների համար, քանի որ վարկանիշային մրցաշարերը շատ կարեւոր են: Դրանք միավորներ են տալու 2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի համար»,- ասաց Գագիկ Սարգսյանը։

Առաջիկա օրերին Երեւանում կանցկացվի դահուկավազքի ուսուցում մարզաձեւի սիրահարների համար։ Նախաձեռնությունը Գագիկ Սարգսյանինն է։

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ մի նախագիծ ենք սկսել՝ դահուկավազքի ուսուցում Երեւանում մարզաձեւով հետաքրքրվողների եւ սիրահարների համար։ Քանի որ այժմ ձյուն չկա, ուսուցումը կանենք անվադահուկներով, ձյուն տեղալուն պես դահուկների վրա կսովորենք: Նպատակը Երեւանում դահուկային սպորտի մասսայականացումն է: Բնակչության 40 տոկոսն այսօր ապրում է Երեւանում եւ մայրաքաղաքում դահուկասպորտին ուշադրություն չդարձնելը մեծ բացթողում կլինի, հատկապես, որ Երեւանը մեծ ավանդույթներ է ունեցել այս ոճում:

Հայաստանի առաջնությունները տարբեր ոճերում կմեկնարկենք տարեվերջից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի անցկացնելու ենք Աշոցքում: Դեռեւս հստակ ժամանակագրությունը եւ անցկացման օրեր չենք հրապարակում, քանի որ համավարակով պայմանավորված չգիտենք ինչ վիճակ կլինի այդ շրջանում»,- նշեց Գագիկ Սարգսյանը։

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում