12:14  ,  2 դեկտեմբերի, 2020

Լենոքս Լյուիսը չի բացառել իր վերադարձը ռինգ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը հայտարարել է, որ կարող է հետևել Մայք Թայսոնի օրինակին և վերադառնալ ռինգ:

«Իհարկե, կարող եմ: Ինչպես երևում է, դա շատ զվարճալի է: Նայեք Մայք Թայսոնին: Նա տարբեր բաներով է զբաղվել կյանքում և գիտի՝ ինչպես ուրախացնել մարդկանց: Ես հետաքրքրվել եմ, թե ինչու են բռնցքամարտիկները վերադառնում ռինգ: Շատերն այդպես են վարվում, քանի որ այլ բան չկա անելու: Մարդիկ մոտենում են նրանց և հարցնում, թե երբ է նրա հաջորդ մենամարտը և ով է մրցակիցը: Արդյունքում՝ դա լավ ավարտ չի ունենում: Այդ պատճառով ես միշտ խուսափել եմ դրանից: Սակայն, եթե լինի համապատասխան առաջարկ, ես կարող եմ վերադառնալ: Կային խոսակցություններ, որ ինձ հետ ցանկանում է մենամարտել Ռիդիկ Բոուին: Այնպես որ, մենք դեռ անավարտ գործ ունենք»,- 55-ամյա բրիտանացու խոսքը մեջբերում է talksport.com-ը:

Հիշեցնենք, որ Լենոքս Լյուիսը նախորդ մենամարտն անցկացրել է 2003 թվականին:

Օրեր առաջ ցուցադրական մենամարտ էին անցկացրել նաև ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա Մայք Թայսոնը և 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա Ռոյ Ջոնս կրտսերը: Առաջիկայում սպասվում է նաև ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 58-ամյա ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդի վերադարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում