22:42  ,  1 դեկտեմբերի, 2020

Արգենտինայում առաջարկել են թղթադրամներ թողարկել Մարադոնայի անունով

Արգենտինայում առաջարկել են թղթադրամներ թողարկել Դիեգո Մարադոնայի անունով: 10 հազար պեսո թղթադրամն արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի լուսանկարով է:

Այդ գաղափարին աջակցելու համար ստորագրահավաք է սկսվել Change.org կայքում: Ստորագրել է 15 հազարից ավելի մարդ:

Ակտիվիստներն առաջարկում են թողարկել սահմանափակ քանակությամբ թղթադրամներ: Արգենտինայում ամենախոշոր թղթադրամը 1000 պեսոն է:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նոյեմբերի 25-ին մահացել էր 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում