12:45  ,  2 դեկտեմբերի, 2020

Զգացի, որ մահը մոտ է. Ֆորմուլա-1-ի արշավորդը՝ վթարի մասին

Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի ժամանակ վթարի ենթարկված Ռոմեն Գրոժանը պատմել է միջադեպի մասին: «Հաասի» մրցարշավորդի բոլիդը «Ալֆա Տաուրիի» ավտոարշավորդ Դանիիլ Կվյատի բոլիդի հետ հպման հետևանքով բախվել էր եզրային արգելապատնեշին եւ բոցավառվել։ Ֆրանսիացի մարզիկը կարողացել էր անմիջապես դուրս գալ բոլիդից, բայց ստացել էր ձեռքերի և ոտքերի այրվածքներ ու տեղափոխվել է հիվանդանոց։

«Շատ լավ եմ զգում ինձ՝ հաշվի առնելով վթարի մասշտաբները: Կարողանում եմ շարժել ձեռքիս բոլոր մատները՝ չնայած այրվածքներին: Վթարի պահին չկորցրի գիտակցությունս: Ինձ հաջողվեց հանել անվտանգության ամրագոտին ու դուրս գալ մեքենայից: Ղեկն այլևս չկար այդ պահին:

Շուրջս տեսա կրակ, և հիշեցի Նիկի Լաուդի վթարի դրվագը, չէի ցանկանում այդպես ավարտել: Մեքենայից դուրս եկա հանուն երեխաներիս: Ձեռքերս այված էին, կարծում էի, որ ոտքերս կոտրվել են: Ես տեսա մոտեցող մահը: Չունեի այլ տարբերակ, քան դուրս գալ այնտեղից

Ցանկանում եմ հանդես գալ Աբու-Դաբիում, որպեսզի Ֆորմուլա-1-ում ելույթներս այլ նոտայով ավարտեմ: Երջանիկ կլինեմ, եթե նույնիսկ եզրագիծը հատեմ 20-րդը»,- Գրոժանի խոսքը մեջբերում է Lcl.fr-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Գրոժանը վերջին մրցաշրջանն է անցկացնում Ֆորմուլա-1-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում