17:12  ,  1 դեկտեմբերի, 2020

Գեւորգ Ալեքսանյան․ Աշխարհի գավաթին մասնակցելու նպատակը մեր ազգին հաղթանակներ պարգեւելն է (ֆոտո)

Աշխարհի գավաթին մասնակցելու նպատակը մեր ազգին փոքր ու մեծ հաղթանակներ պարգեւելն է, որպեսզի նորից սկսենք հավատալ ինքներս մեզ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը:

Հավաքականի մարզիչը դեկտեմբերի 1-ին հայտարարեց աշխարհի անհատական գավաթի խաղարկության Հայաստանի կազմը:

«Հավաքականը պատրաստվում է աշխարհի անհատական գավաթին: Ես եմ ներկայացնում կազմը, քանի որ մեր երկու մարզիչներն ունեն առողջական խնդիրներ: Հավաքն անցկացնելու համար հավաքականը համալրվել է երիտասարդական հավաքականի մարզիչներով:

Փորձելու ենք այս երկար ընդմիջումից հետո թիմը բերել լավագույն մարզավիճակի: 9-10 ամիս  դադար ենք ունեցել, մրցաշարեր չեն եղել, տղաները գորգ դուրս չեն եկել: Ըմբիշ կա, որ մեկ տարուց ավելի մրցումային գործընթաց չի անցել: Կարանտինից հետո հավաք ունեցանք, փորձեցինք նորից հունի մեջ ընկնել, բայց կրկին խաթարվեց:

Պատրաստման փուլի մեջ պլանավորած հավաքներ ունեինք արտերկրում, չկարողացանք անցկացնել: Այս ընթացքում նաեւ ունեինք միջազգային մրցաշար, որը եւս բաց թողեցինք: Գտնում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը չկարողացավ կամ ավելի լուրջ չմոտեցավ մեր պահանջներին: Նպատակ կար անպայման գոնե մեկ մրցաշարի մասնակցել: Կար միջազգային մրցաշար Լեհաստանում, ցանկանում էինք մեկնել, բայց ձգձգվեց, մեր երկրից դուրս գալու թույլտվությունը չստացանք, ուշացրինք եւ չկարողացանք մասնակցել: Սա կարեւոր մրցաշար էր պատրաստման փուլի համար: Միջազգային մրցաշարին չմասնակցելով՝ այս փուլը լիարժեք չանցանք, բայց սա չի խանգարելու մեզ, որպեսզի գնանք աշխարհի գավաթ՝ կռիվ տալու:

Միշտ էլ կարողացել ենք պատվով մասնակցել մրցաշարերին, եթե նույնիսկ վատ կամ կիսապատրաստ ենք եղել: Այս վիճակում էլ պետք է կարողանանք անել առավելագույնը, որպեսզի, առավել եւս հիմա՝ այս իրավիճակում, մեր ազգի տրամադրությունը բարձրացնենք: Պետք է կարողանանք փոքր ու մեծ հաղթանակներով մեր ազգին բերել այն հոգեվիճակին, որ բոլորս նորից հավատանք ինքներս մեզ: Սա է մասնակցության նպատակը: Փորձելու ենք մասնակցել որքան հնարավոր է լավ, որքան մեր ուժերը կներեն:  Տղաների տրամադրվածությունն էլ է այդպիսին՝ ամեն գնով հաղթել եւ ժողովրդին մի փոքր ուրախացնել»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Մարզիչի խոսքով, աշխարհի գավաթի կազմն ընտրված է մարզչական շտաբով եւ ֆեդերացիայի համաձայնությամբ:

«Մեր բոլոր փորձառու մարզիկներն են գորգ դուրս գալու: Եթե մենք այս ընթացքում ունենայինք գոնե մեկ միջազգային մրցաշար, հնարավորություն ունենային մրցումային պրոցեսում տեսնել՝ ով, ինչ մարզավիճակում է, լավ կլիներ, կազմն ընտրելիս չէինք տատանվի որոշ քաշային կարգերում: Մարզիչներս մեր աչքով տեսնում ենք, հասկանում տղաների մարզավիճակը, բայց դրա գնահատականն ավելի օբյեկտիվ ցույց կտար մրցումային գորգը:  Ցավոք՝ չունեցանք այդ հնարավորությունը, մարզչական շտաբով, մարզիկների մարզավիճակը ճիշտ գնահատելով այսօր որոշվել է այսպիսի կազմ: Եղել են քաշային կարգեր, որ տատանվել ենք, թե ում վստահենք աշխարհի գավաթի մասնակցությունը»,- նշեց մարզիչը:

Հայաստանի հավաքանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը ուսումնամարզական հավաք է անցնում «Օլիմպավանում»։ Հավաքին  մասնակցում է 32 ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Հավաքին միացել է նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, որը երկար ժամանակ բացակայում էր գորգից։ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, Յուրի Պատրիկեեւը միացել է թիմին, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել մրցագորգ վերադառնալու վերաբերյալ:

«Պատրիկեեւն, ի ուրախություն մեզ, հավաքականում է: Մասնակցել է արդեն մի քանի հավաքների: Փորձում է մտնել մարզավիճակի մեջ նաեւ տրամադրվել մրցումային գորգ դուրս գալուն: Դժվար է նրա տարիքում պայքարի մեջ լինելը: Այս պահին հավաքականում նա մեզ օգնում է, մասնավորապես մեծ աշխատանք է կատարում ծանր քաշայինների հետ, դրան զուգահեռ նաեւ մարզվում է: Որեւէ մարզում բաց չի թողնում: Նա հավաքականին պետք է: Հետո կշարունակի, թե ոչ, դեռ անորոշ է՝ կրկին հաշվի առնելով տարիքը: Փորձելու է: Երբ ասաց՝ կարող եմ, երբ հավատաց իր ուժերին, մենք մրցաշարերի մասնակցության հնարավորություն կտանք նրանք: Հայաստանի առաջնության մասնակցության մասին կրկին դեռ վաղ է խոսելը»,- մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայրն անկեղծացավ, որ պատերազմի ընթացքում թիմը ծանր օրեր է ունեցել:

«Շատ դժվար պահեր ունեցանք հավաքականը համախմբված պահելու համար: Բոլոր պատրաստ էին եւ ուզում էին առաջնագիծ մեկնել: Հասկանալի է, որ բոլորս էլ պատրաստ էինք մեկնել առաջնագիծ, բայց այս դաշտը թուլացնելով, չէինք կարող շատ օգտակար լինել առաջնագծում, որովհետեւ տղաները որպես զինվոր փորձ, պատրաստվածություն չունեին: Տղաները պատրաստ են սպորտային դաշտում իրենց պայքարը մղել ու միշտ մղել են:  Մեզ պետք էր մեր դաշտում համախմբված մնալ, որպեսզի շարունակենք մեր պայքարը՝ հաղթանակներ կերտելով: Պատերազմի 44 օրերին մարզիչներով, ֆեդերացիայով ատամներով պահել ենք հավաքականին, որ թիմը չցրվի, բռունցք մնա: Այժմ խնդիր է այդ բռունցքը հոգեբանորեն բարձր տրամադրվածությամբ տանել նոր պայքարի եւ հաղթանակի:

Իմ կարծիքով այս պատերազմից հետո յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր բնագավառում մեծ հաջողությունների հասնել, որպեսզի ժողովրդի այս ընկճվածությունը հանենք»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-18-ը Սերբիայում: Հունահռոմեականները մրցագորգ դուրս կգան դեկտեմբերի 12-14-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում