21:15  ,  30 նոյեմբերի, 2020

«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ. Չնայած իր թերություններին՝ Մարադոնան դարձավ լավագույնն աշխարհում

Իտալական «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Չիրո Ֆերարան խոսել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մասին:

«Ես ցավում եմ Մարադոնայի անժամանակ մահվան համար: Բոլորս տխուր ենք, քանի որ աշխարհը կորցրել է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին:

Չնայած իր բոլոր թերություններին՝ Մարադոնան դարձավ լավագույնն աշխարհում: Հպարտ եմ, որ խաղացել եմ նրա կողքին»,- Ֆերարայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում