15:11  ,  30 նոյեմբերի, 2020

«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը վիրահատվել է, նրա մոտ ախտորոշվել է գանգոսկրի կոտրվածք

«Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը վիրահատության է ենթարկվել Լոնդոնի «Արսենալի» Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում ստացված վնասվածքի պատճառով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպման սկզբնամասում Խիմենեսը և «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը բախվել էին իրար՝ ստանալով գլխի վնասվածքներ։ Բրազիլացին կարողացել էր վիրակապած գլխով շարունակել հանդիպումը, իսկ Խիմենեսն ուշագնաց էր եղել և թթվածնային դիմակը դեմքին տեղափոխվել հիվանդանոց։ 

Խիմենեսի մոտ ախտորոշվել է գանգոսկրի կոտրվածք: Նա վիրահատվել է Լոնդոնում և մի քանի օր կմնա բժիշկների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում