10:11  ,  30 նոյեմբերի, 2020

Պաշտոնական. «Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով

Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնը կանվանափոխվի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի անունով: Այդ մասին հայտնել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մադժիստրիսը:

«Կային մի շարք փայլուն գաղափարներ, բայց մենք կանգ առանք «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանման վրա»,- քաղաքապետի խոսքը մեջբերում է football-italia-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991-ը՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն:

Աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում