17:16  ,  29 նոյեմբերի, 2020

Գագիկ Սարգսյան․ Սպասում եմ տղամարդկային մրցապայքար

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունները պատեկարցնում եմ սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում: Սպասում եմ տղամարդկային մրցապայքար: Այնպես չի, որ ինձ չի բավարարում Դավիթ Խիթարյանի աշխատանքը ռեկտորի պաշտոնում, բայց ես ունեմ ինստիտուտի զարգացման իմ հայեցակարգը, ծրագրերն ու մոտեցումները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենալու ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունը: Գագիկ Սարգսյանն ինքնաառաջադրվել է եւ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ պայքարելու է ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար:

Ըստ Գագիկ Սարգսյանի, թեկնածությունն առաջադրելու գլխավոր նպատակը ինստիտուտը տարածաշրջանում լավագույնը դարձնելն ու ոլորտում բարձրագույն մասնագետներ պատրաստելն է: 

«Ռեկտորի պաշտոնում թեկնածությունս առաջադրելու գերնպատակը տարածաշրջանում մեր բուհը լավագույնը դարձնելն է: Գիտական լուրջ ներդրում պետք է ունենալ բոլոր մարզաձեւերի զարգացման գործում: 21-րդ դարում հաջողության հնարավոր է հասնել միայն սպորտային գիտության օգնությամբ: Պետք է ունենանք շրջանավարտներ, որոնք դառնալու են ոլորտի լավագույն ներկայացուցիչներ որպես մարզիչ, մրցավար, ուսուցիչ: Սրանք այն կարեւոր շեշտադրումներն են լինելու, եթե ես ընտրվեմ ռեկտորի պաշտոնում:

Այս կետերում մենք ունենք թերացումներ, բայց այնպես չի, որ քայլեր չեն արվել, կամ ես այդ ամենը մեկ օրում եմ անելու: Հաշվի առնելով իմ փորձը, կարողություններն ու հմտությունները, մասնագիտական եւ ոչ միայն մասնագիտական կրթությունը, վերապատրաստումներն ու մասնակցությունը տարբեր միջազգային ծրագրերի, ի վերջո՝ լավագույն փորձս դահուկային սպորտում ինձ մեծապես կօգնեն այս խնդիրների լուծման համար:

Կրթության որակը բոլոր ժամանակներում մեզ չի բավարարում: Մենք բոլորս պետք է աշխատենք էլ ավելի որակյալ կրթություն տալու, ուսումնական գործընթաց, որակյան մասնագետներ պատրաստելու համար: Այժմ ՀՖԿՍՊԻ ընդունվող մարզիկների հոգեբանությունում շատ բան է փոխվել՝ այլեւս բուհը զուտ դիպլոմ չէ մարզիկների համար, սա բարձրագույն կրթություն ստանալու լավագույն հնարավորությունն է, եւ մեր մարզիկների գերակշիռ մասն արդեն գիտակցում է դա:

Այսօր կարեւորագույն խնդիր է բարձրակարգ մասնագետներ ունենալը սպորտում: Պետք է ձեւը գտնենք, որ մեր կրթությունը տա այդ արդյունքը: Իսկ դրա համար պետք են ճկուն ծրագրեր, որոնք ես ունեմ:

Ես ինքնաառաջադրվել եմ ռեկտորի պաշտոնում, բայց դա չի նշանակում, որ ինձ չի բավարարում ներկայիս ռեկտորի աշխատանքը: Նման խնդիր չկա: Ես ունեմ իմ մոտեցումները: Շատ սիրում եւ հարգում եմ պարոն Խիթարյանին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, աշխատանքում սիրով եւ հարգանքով վերաբերմունք ունենք մեկս մյուսի նկատմամբ: Ես ունեմ իմ պատկերացումները, մոտեցումներն ու սկզբունքները բուհի զարգացման ծրագրում:

Այս պահի դրությամբ երկուսիս թեկնածությունն է դրված: Հունվարի 11-ին ընտրությունները պատեկարցնում եմ սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում: Սպասում եմ տղամարդկային մրցապայքար»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս