14:48  ,  28 նոյեմբերի, 2020

Կուստուրիցա․ Մարադոնայից հետո չկա այլ ֆուտբոլիստ, որի մասին կարող եմ ֆիլմ նկարահանել

Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատմել է, որ չի նախատեսում ֆիլմեր նկարահանել ֆուտբոլիստների մասին։ 2008-ին Կուստուրիցան նկարահանել է «Մարադոնա» վավերագրական կինոնկարը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Դիեգո Արմանդո Մարադոնայի մասին, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

«Ես չեմ հիշում Արգենտինայից մինչեւ Սոմալի այսպիսի սուգ, որը հիմա է Մարադոնայի մահից հետո։ Հայտնվեց մի մարդ, որը դարձյալ միավորեց մեզ եւ ստիպեց արտասվել։ Երբ աշխատում էինք «Մարադոնա» ֆիլմի վրա, ես եւ Մարադոնան շատ ընկերացանք։ Մենք շատ մտերիմ էինք։ Երկուսս էլ փողոցների երեխաներ ենք՝ ես Սարաեւոյից, նա Բուենոս Այրեսից։

Որեւէ այլ ֆուտբոլիստի մասին ես չեմ պատմի այլ ֆիլմում։ Ի՞նչ կարող եմ պատմել Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա կատարյալ է, վաստակում է շատ գումար, բայց ո՞ւր է նրա անձը։ Ի՞նչ պատմություններ նա կարող է պատմել։ Ոչ մի պատմություն։ Մարադոնայից հետո չկա այլ ֆուտբոլիստ, որի մասին կարող եմ ֆիլմ նկարահանել»,- Կուստուրիցայի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն։

Հիշեցնենք, որ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում