09:15  ,  29 նոյեմբերի, 2020

Սևան Ասլանյան. Արցախում ֆուտբոլը շարունակելու է զարգանալ, եթե կան նոր ներդրողներ, ակումբները սպասում են նրանց (ֆոտո)

2018 թվականից Արցախում գործում է ֆուտբոլային լիգա: Արցախի առաջնությանը մասնակցում են 10-ից ավելի թիմեր: Արցախի ֆուտբոլի լիգայի հիմնադիրներից է Երևանի «Արցախ» ակումբի (այժմ «Նոա») նախկին սեփականատեր Սևան Ասլանյանը, որը նաև լիգայի նախագահն է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սևան Ասլանյանը պատմել է Արցախում ֆուտբոլային լիգա ստեղծելու գաղափարի ու առաջիկա անելիքների մասին:

«2018 թվականի հունիսից մինչև նոյեմբեր անցկացրինք 8 թիմով փոքր լիգա՝ դեմո տարբերակով, որպեսզի հասկանանք հեռանկարները: Այդ մրցաշարը սպասվածից շատ ավելի լավ ստացվեց, ինչից հետո 2019-ի մարտին մեկնարկեց ամբողջական առաջնությունը, որին մասնակցում էին 12 թիմեր:

Երևանում 2017 թվականին ես ստեղծել էի «Արցախ» ֆուտբոլային ակումբը: «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշն առաջարկեց, որ պետք չէ բավարարվել միայն Երևանում թիմ ունենալով, ինչից հետո որոշվեց նաև ֆուտբոլային լիգա ստեղծել Արցախում: Տարիներ առաջ նրանք ևս Արցախում անցկացրել էին ֆուտբոլային լիգա, որը նույնպես հաջող էր ստացվել: Վարդան Սրմաքեշն առաջարկեց, որ մենք ստեղծենք լիգա, որը կֆինանսավորվի իր կողմից: Այդպես ստեղծվեց Արցախի ֆուտբոլի լիգան, որը սպասվածից ավելի մեծ հաջողություններ գրանցեց: Լիգան ստեղծել ենք Հրաչ Յագանի և Մհեր Ավանեսյանի հետ միասին: Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ Արցախի ֆուտբոլի լիգան ստեղծեց Conifa-2019-ը: Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը նախորդ տարի Հրաչ Յագանի և Արցախի ղեկավարության հրավերով անցկացվեց Արցախում և այդ մրցաշարի բազան հենց Արցախի ֆուտբոլի լիգան էր: Արցախի ֆուտբոլի լիգան տվեց այդ միտքը, որ մեզ անհրաժեշտ են մարզադաշտեր և ինչ ճանապարհով կարող ենք ունենալ խաղադաշտեր: Conifa-ն բարձրացրեց մեր լիգայի նշանակությունն Արցախում, մարդիկ հավատացին, որ այնտեղ ևս կարող է ֆուտբոլ լինել տևական ընդմիջումից հետո: Այդ խաղերի ընթացքում 2 անգամ մոտ 17 հազար հանդիսական է եղել մարզադաշտում, մի քանի անգամ էլ՝ 7-8 հազար: Conifa-ից առաջ կառուցվեցին Մարտակերտի ու Մարտունիի խաղադաշտերը, վերանորոգեցինք Ստեփանակերտի ստադիոնը և Ասկերանի մարզադաշտը: Այդ ամենն, առաջին հերթին, արվում էր Արցախի լիգան շարունակելու համար»,- նշեց Սևան Ասլանյանը:

Արցախի ֆուտբոլի լիգան անցկացվում է 4 մրցավայրերում՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, Մարտակերտի, Մարտունիի ու Ասկերանի մարզադաշտերում: Սևան Ասլանյանի խոսքով, պատերազմի հետևանքով բոլոր խաղադաշտերը տարբեր աստիճանի վնասներ են կրել, սակայն դա չի խոչընդոտի լիգայի անցկացմանը: Այդ մարզադաշտերը վերանորոգելուց բացի, ծրագրվում է վերաբացել ևս 2 նոր խաղադաշտեր:

«4 խաղադաշտերն էլ վնասվել են, հատկապես՝ Մարտունիի նորակառույց դաշտը: Մենք կվերանորոգենք բոլոր խաղադաշտերը: Բացի այդ, ծրագրում ենք մեծացնել հանդիպումների աշխարհագրությունը և ավելացնել ևս 2 նոր դաշտ, որոնք կբարեկարգվեն և լիգան կանցկացվի 6 խաղադաշտերում: Դրանցից մեկը կլինի Ճարտարում, իսկ մյուսը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում»,- ասաց Սևան Ասլանյանը:

Սևան Ասլանյանը հույս հայտնեց, որ, չնայած դժվարություններին, հնարավոր կլինի նոր մրցաշրջանը սկսել մարտից:

«Այս պահին քննարկում ենք նոր մրցաշրջանը մեկնարկելու տարբերակներ, քանի որ չենք ցանկանում դադարեցնել լիգան: Ամեն ինչ անում ենք, որ այն սկսվի մարտին: Առաջին ու երկրորդ մրցաշրջաններից հետո երրորդը չկարողացանք սկսել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խնդիրների պատճառով, հետո էլ սկսվեց պատերազմը: Անպայման փորձելու ենք սկսել նոր մրցաշրջանը՝ անկախ նրանից, թե քանի թիմով կանցկացվի այն: Կարծում եմ՝ նվազագույնը 6 թիմով առաջնություն կսկսենք»,- նշեց Արցախի ֆուտբոլի լիգայի նախագահը:

Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններում մեծ թիվ էին կազմում նաև Արցախի ֆուտբոլի լիգայի մասնակիցները: Սևան Ասլանյանը նշեց, որ նրանց թվում ևս կան զոհեր ու վիրավորներ:

«Դեռ չենք հանդիպել թիմերի ներկայացուցիչների հետ և հստակ չգիտենք կորուստների ստույգ աստիճանը: Այս պահին մենք ցանկանում ենք լուծել բյուջեի հարցը, որպեսզի հստակություն լինելուց հետո նոր հանդիպենք ակումբների հետ և ներկայացնենք մեր վերջնական ծրագրերը: Հուսով ենք, որ նոր մրցաշրջանը կլինի ավելի լավը, քանի որ ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ակումբ ունենա նաև 3 պատանեկան թիմ: Ծրագրում ենք անցկացնել մանկապատանեկան լիգա և քայլ առաջ կատարել նաև այդ ուղղությամբ»,- ասաց Սևան Ասլանյանը:

Արցախում գործող ակումբները ֆինանսավորում են լիգայի կողմից: Սևան Ասլանյանը նշեց, որ պետական մակարդակով աջակցություն եղել է խաղադաշտեր կառուցելու ու վերանորոգելու հարցում, սակայն լիգան չի ցանկանում ֆինանսական առումով նոր ծանրաբեռնվածություն ստեղծել Արցախի համար:

«Բոլոր թիմերը ֆինանսավորվում են լիգայի կողմից, բացառությամբ՝ մեկի: Շուշիի թիմը ֆինանսավորում է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Մեր նպատակն է նոր ներդրողներին տալ ոչ թե մտքեր, այլ՝ արդեն աշխատող ծրագիր: Ներդրողների համար բարդ կլիներ զրոյից թիմ ստեղծել Արցախում: Մենք դա արել ենք նրանց փոխարեն: Մենք նրանց տալիս ենք նվազագույն բյուջեով թիմ, իսկ դրանից հետո ներդրողն ինքը կորոշի բյուջեի չափը»,- նշեց Սևան Ասլանյանը:

Արցախի առաջին առաջնությունում հաղթել է «Լեռնային Արցախ» թիմը, որն այս տարի հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Արցախում հանդես եկող լավագույն խաղացողներն ամեն տարի ընգրկվելու են այդ թիմում:

«Մեր նպատակն է, որ լիգայի լավագույն խաղացողները հանդես գան Հայաստանի Առաջին խմբում, հնարավորության դեպքում՝ նաև Պրեմիեր լիգայում: Խաղացողների հիմնական մոտիվացիան այն էր, որ նրանք ուժեղանան և ընդգրկվեն «Լեռնային Արցախի» կազմում»,- նշեց Սևան Ասլանյանը:

Վերջում Սևան Ասլանյանը խոսեց նոր ներդրողների կարևորության մասին:

«Եթե կան ցանկացողներ, ովքեր կցանկանան Արցախի ֆուտբոլային լիգայում ունենալ իրենց թիմը, մենք պատրաստ ենք աջակցել նրանց տարբեր հարցերում և համագործակցել»,- խոսքը եզրափակեց Սևան Ասլանյանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով