09:44  ,  28 նոյեմբերի, 2020

Գևորգ Ղազարյան. Այս հաղթանակը չլրացրեց Հայաստանի հավաքականի հետ հաջողության հասնելու քաղցը

Ես ունեմ նպատակ հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ, բայց այս հաղթանակը չլրացրեց այդ քաղցը: Ազգերի լիգայի B դիվիզիոն դուրս գալով մեր խնդիրը բարդացել է, և խաղալու ենք ավելի ուժեղ հավաքականների հետ, բայց, մյուս կողմից էլ, մի օր պետք է խաղա՞նք, թե՞ ոչ: Որքան կարելի էր մնալ ցածր դիվիզիոնում: Պետք է փորձենք բարձրացնել մեր նշաձողը, պայքարել ավելի ուժեղ թիմերի դեմ և ձգտենք հաջողության հասնել ավելի բարձր մակարդակում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որն ամփոփեց Ազգերի լիգայի հաղթական մրցաշրջանը: Ըստ Ղազարյանի՝ նման արդյունքի հասնել առաջին հերթին հաջողվեց մեծ ցանկության ու համախմբվածության շնորհիվ:

«Կարծում եմ՝ հաջողության հասնելու առաջին նախապայմանը ցանկությունն է, ու այդ ցանկությանը գումարվեց նաև թիմի համախմբված խաղը: Մեզ հաջողվել է դառնալ ավելի համախմբված ու կոմպակտ թիմ: Հիմա խաղում ենք ոչ թե անհատական գործողությունների հաշվին, այլ՝ հիմնված թիմային որակների վրա»,- նշեց Գևորգ Ղազարյանը:

Հայաստանի հավաքականում 73 հանդիպում անցկացրած 32-ամյա ֆուտբոլիստի խոսքով, նորեկների գալով թիմում ավելացավ մրցակցային մթնոլորտը, ինչը շատ կարևոր է:

«Միանշանակ, մրցակցային մթնոլորտն ավելացավ, քանի որ թիմում ավելացան որակական առումով մի քանի լավ խաղացողներ՝ դարպասապահ Յուրչենկոն, Բայրամյանը, Կորյանը և այլք: Նրանց ու մի քանի այլ խաղացողների հաշվին թե՛ հավաքականում լինելու, թե՛ մեկնարկային կազմում հայտնվելու մրցակցությունը բարձրացել է: Միշտ պետք է թարմացնել բոլոր դիրքերը, բոլոր խաղային օղակներում անհրաժեշտ է մրցակցություն: Ցանկացած մարզիչի անհրաժեշտ են շատ խաղացողներ ու ընտրության հնարավորություն: Հավաքականի պարագայում յուրաքանչյուր մեկ ամսում կարող է լինել տարբերություն՝ վնասվածքների ու մարզավիճակի հետ կապված խնդիրների առումով: Այդ պատճառով հավաքականին միշտ պետք են նոր խաղացողներ»,- ասաց Ղազարյանը:

Հայաստանի հավաքականը նոր մարզիչի գլխավորությամբ առաջին մրցաշարում հասավ հաջողության: Գևորգ Ղազարյանի խոսքով, Խոակին Կապառոսի հետ աշխատանքը շատ պարզ ու հասկանալի է խաղացողների համար:

«Մարզիչը հիմնական շեշտը դնում է թիմային գործողությունների վրա, շատ մեծ ուշադրություն է դարձնում տակտիկական շարժումներին, ֆուտբոլիստների դիրքերին թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակման ժամանակ: Ամեն բան շատ պարզ ու հասկանալի է ֆուտբոլիստների համար: Շատ կարևոր է, որ նրա ցանկացած առաջադրանք ճիշտ կատարվի խաղադաշտում, իմպրովիզացիաները քիչ են»,- ասաց կիսապաշտպանը:

Կան կարծիքներ, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում մնալն ավելի «շահավետ» կլիներ Հայաստանի հավաքականի համար: Գևորգ Ղազարյանը կարծում է, որ B դիվիզիոն դուրս գալն անհրաժեշտ էր թիմին նոր մակարդակ դուրս գալու համար:

«B դիվիզիոն դուրս գալով մեր խնդիրը բարդացել է, և խաղալու ենք ավելի ուժեղ հավաքականների հետ, բայց, մյուս կողմից էլ, մի օր պետք է խաղա՞նք, թե՞ ոչ: Որքան կարելի էր մնալ ցածր դիվիզիոնում: Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, մենք պետք է փորձենք բարձրացնել մեր նշաձողը, պայքարել ավելի ուժեղ թիմերի դեմ և փորձենք հաջողության հասնել ավելի բարձր մակարդակում: Մեծ հաշվով, սա հաջողություն է, սակայն ոչ լիարժեք: Օրինակ՝ ես ունեմ նպատակ հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ, բայց այս հաջողությունը չլրացրեց այդ քաղցը: Այսպես ասած, չեմ զգում, որ մեծ հաջողության ենք հասել»,- ասաց ֆուտբոլիստը:

Ըստ Գևորգ Ղազարյանի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ հավաքականի նոր մարզիչը կարողացավ լիարժեք պատկերացում կազմել թիմի իրական ներուժի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ այս խաղերից հետո մարզիչն ամբողջական պատկերացում է կազմել, թե ինչպիսին է հավաքականի ներուժը, թե որ թիմի դեմ ինչպես կարող ենք խաղալ և ուր կարող ենք հասնել: Նա լավ մասնագետ է և կունենա ճիշտ պատկերացում»:

Վրացիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում Գևորգ Ղազարյանը 14-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Յուրա Մովսիսյանին, որի հետ կիսում է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը: Ղազարյանի խոսքով, այդպիսի ցուցանիշները հաճելի են, սակայն խաղադաշտում նա առաջին հերթին մտածում է թիմային հաջողության մասին:

«Այդ խաղից առաջ գիտեի, թե քանի գոլ եմ խփել հավաքականում, սակայն չգիտեի, որ գոլ խփելու դեպքում հավասարվելու եմ Յուրա Մովսիսյանին: Իհարկե, հաճելի է, երբ շատ գոլեր ես խփում ու առաջատարների թվում ես լինում նմանատիպ ցուցանիշներով, բայց կոնկրետ այդ խաղում չէի մտապահում դա, և նույնիսկ չէի էլ հիշում այդ մասին: Հատկապես հավաքականի խաղերում ինձ համար ամենակարևորը հանդիպման արդյունքն է»:

Գևորգ Ղազարյանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 5-րդ տուրի հանդիպումը բաց թողեց կորոնավիրուսի պատճառով: Կիպրոս վերադառնալուց հետո նա ինքնամեկուսացվել է, և մի քանի օրից կկարողանա վերսկսել մարզումները: Ֆուտբոլիստը պատմեց, որ ունեցել է հիվանդության բոլոր սիմպտոմները:

«4 օրից կարանտինը կավարտվի և անմիջապես կսկսեմ մարզումները: Հիվանդությունն այնքան էլ թեթև չանցավ ինձ մոտ: Բացի թոքերի բորբոքումից, ունեցել եմ բոլոր սիմպտոմները՝ ցավեր, բարձր ջերմություն: Հիմա էլ համի ու հոտի զգացումը կորցրած դեռ կա հարբուխ»: 

Կիպրոսի առաջնության 11-րդ տուրից հետո ԱԵԼ-ը երրորդ տեղում է և 2-ական միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ապոլոնին» ու «Անորտոսիսին»: Գևորգ Ղազարյանը պատմեց ակումբային գործերի մասին և նշեց, որ նրա բացակայությունը նույնիսկ դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում:

«Մեր թիմը պայքարում է չեմպիոնության ու եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար: Ծրագիրը մի քանի տարվա համար է: Եթե չստացվի չեմպիոն դառնալ այս մրցաշրջանում, ապա դրա համար կպայքարենք հաջորդ տարի: Այս տարի ակումբում գործերս այնքան էլ հաջող չեն ընթանում, քանի որ ստացա վնասվածքներ և բաց թողեցի բազմաթիվ հանդիպումներ: Պետք է հնարավորինս շուտ վերականգնվեմ և սկսեմ խաղալ, քանի որ սպասելիքները ևս շատ են: Նույնիսկ երկրպագուների մոտ դժգոհություն կա երկար ժամանակ չխաղալու պատճառով: Սպասում եմ, թե երբ լիովին պատրաստ կլինեմ վերադառնալ խաղադաշտ և օգտակար լինել թիմին»,- խոսքը եզրափակեց Գևորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով