11:11  ,  27 նոյեմբերի, 2020

Մարադոնային հուղարկավորել են ծնողների կողքին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային հուղարկավորել են Բուենոս Այրեսից 35 կմ հեռու գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հանգչում են նաև Մարադոնայի ծնողները:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Մարադոնայի հուղարկավորությանը ներկա են գտնվել միայն նրա ընտանիքի անդամներն ու ընկերները:

Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։

Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում