18:42  ,  26 նոյեմբերի, 2020

Սարգիս Հովսեփյան. Մարադոնայի դեմ խաղալը կարիերայիս ամենավառ հիշողությունն է (ֆոտո)

Նոյեմբերի 25-ին կյանքից հեռացավ Դիեգո Մարադոնան: 1996 թվականի փետրվարի 1-ին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստն արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի կազմում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ: Բուենոս Այրեսի «Բոմբոներա» ստադիոնում տեղի ունեցած ընկերական հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպան, ազգային թիմի պատմության մեջ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը: 1:1 հաշվով ավարտված խաղում Մարադոնան հանդես էր եկել 90 րոպե, իսկ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ էր դարձել Արթուր Պետրոսյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատմեց, որ այդ հանդիպումն ամենավառ հիշողությունն էր իր կարիերայում:

«1996-ին Հայաստանի հավաքականի հետ Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում հնարավորություն ունեցանք խաղալ Դիեգո Մարադոնայի հետ: Մեր բախտը բերեց, որ խաղացինք այդպիսի լեգենդար ֆուտբոլիստի դեմ: Դա շատ մեծ բան է: Հանդիպումը կազմակերպվել է նրա հայ ընկերոջ միջոցով: Այդ խաղից շատ վառ հիշողություններ են պահպանվել: Բոլորս հասկանում էինք, թե դաշտ դուրս գալիս ում դեմ ենք խաղալու: Երբ նա դուրս եկավ խաղադաշտ, միանգամից հասկանալի դարձավ, որ ֆուտբոլային արքան է այնտեղ: Նա իր յուրաքանչյուր շարժումով կարծես ընդգծում էր դա: Մենք որոշել էինք մինչև խաղադաշտ դուրս գալը լուսանկարվել նրա հետ, սակայն չկարողացանք, քանի որ նույնիսկ նրա ակումբակիցներն էին փորձում լուսանկարվել նրա հետ: Մարադոնայի ակումբակիցները ևս նրան ընդունում էին Աստծո պես:

Դա իմ կարիերայի ամենավառ հիշողությունն էր: Մենք հեռուստացույցով էինք դիտում Մարադոնայի խաղերը և զարմանում, թե ինչպես է հնարավոր այդպիսի բաներ անել խաղադաշտում: Երբ նա բաց էր թողնում իր թիմի խաղը, մենք հիասթափվում էինք, թե ինչու նա չի խաղում: Հետո, հանկարծ, ունենում ես Մարադոնայի դեմ խաղալու հնարավորություն: Երբ մեզ ասացին, որ Մարադոնան նույնպես մասնակցելու է հանդիպմանը, պարզապես չէինք հավատում դրան:  

Հանդիպման ընթացքում նա ապացուցեց, որ խաղադաշտում մեր կողքին ֆուտբոլային Աստված է խաղում: Նա պարզապես ապշեցուցիչ հնարքներ ու փոխանցումներ էր կատարում: Մարադոնայից գնդակ խլելը պարզապես անհնարին էր թվում: Դրա համար նաև հաջողություն էր հարկավոր: Եվ դա այն դեպքում, երբ նա նոր էր վերադարձել Իտալիայից և լավագույն մարզավիճակում չէր: Պատկերացնում եմ, թե ինչ կաներ նա դաշտում իր լավագույն տարիներին»,- ասաց Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպանը:

Սարգիս Հովսեփյանի խոսքով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին այդպես էլ չի հաջողվել Մարադոնայի հետ փոխանակվել մարզաշապիկներով՝ չնայած մեծ ցանկությանը: Այնուամենայնիվ, հանդիպումից հետո տեղի ունեցած խնջույքի ժամանակ հայ ֆուտբոլիստները կարողացել են լուսանկարվել արգենտինացու հետ:

«Հիշում եմ՝ թիմակիցներով վիճում էինք, թե ով պետք է մարզաշապիկներով փոխանակվի Մարադոնայի հետ: Սակայն մեզանից ոչ մեկին չհաջողվեց անել դա: Երբ Մարադոնան հանեց իր մարզաշապիկն ու այն նետեց տրիբունա, երկրպագուները պարզապես պատառ-պատառ արեցին այն, և յուրաքանչյուրը վերցրեց մի փոքր կտոր: Դա ապշելու տեսարան էր: Կան լեգենդար ֆուտբոլիստներ, բայց նա պարզապես ֆուտբոլային Աստված էր: Հանդիպումից հետո Մարադոնան մեզ հրավիրեց խնջույքի, որին նա նույնպես մասնակցեց: Նա զարմանալի անձնավորություն էր, նաև՝ շատ ուրախ: Նրա շուրջ ամբոխ էր հավաքվում ամեն տեղ, և այդ ամենը վերածվում էր տոնի: Մարդիկ պաշտում էին նրան: Հիշում եմ, որ այդ խնջույքի ժամանակ նա ակտիվ պարում էր և ուրախանում: Որքան խաղադաշտում էր վառ ու տարբերվող, այնքան էլ առօրյա կյանքում»,- նշեց Սարգիս Հովսեփյանը:  

Ըստ Սարգիս Հովսեփյանի, «Պատմության լավագույն ֆուտբոլիստ» ձևակերպումն այնքան էլ տեղին չէ, քանի որ ժամանակները փոխվում են և դժվար է նախկինում հանդես եկած ֆուտբոլիստներին համեմատել գործող խաղացողների հետ: Ըստ նրա՝ Մարադոնոն լավագույնն էր իր ժամանակաշրջանում:

«Իհարկե, Մեսին մնում է Մեսի, բայց կարծում եմ, որ Մարադոնային այլ կերպ են ընդունում Արգենտինայում: Պատահական չէ, որ նրա մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարվել: Երբ Հայաստանի հավաքականի կազմում մեկնեցինք Նեապոլ, այնտեղ պատերին տեսնում էինք Մարադոնայի նկարներն ու անունը: Որքան ժամանակ է անցել, սակայն մարդիկ մինչև օրս հիշում են նրան: Ինձ համար Մարադոնան գերազանցում էր նաև Պելեին: «Պատմության լավագույն ֆուտբոլիստ» ձևակերպումն, ըստ ինձ, այնքան էլ ճիշտ չէ: Նախկինում ֆուտբոլն այլ էր, հիմա շատ բան է փոխվել: Դժվար է համեմատականներ տանել: Կարելի է ասել, դա ավելի շատ ճաշակի հարց է: Ինձ համար Մարադոնան ավելի նախընտրելի է՝ իր ոճով ու մյուս որակներով: Նախկին ու գործող ֆուտբոլիստներին կարելի է համեմատել միայն մեկ բանով՝ գրանցված արդյունքով»,- նշեց Սարգիս Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ 60-ամյա Դիեգո Մարադոնան 2019 թվականից գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: Ֆուտբոլային կարեիրայի ընթացքում նա խաղացել է արգենտինական «Արգենտինոս Խունիորսում», «Բոկա Խունիորսում» և «Նյուելս Օլդ Բոյսում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Նապոլիում», իսպանական «Սևիլիայում»: 1986-ին Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն: 2008-2010-ը նա նաև գլխավորել է Արգենտինայի հավաքականը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում