12:53  ,  26 նոյեմբերի, 2020

Դուք արդեն լեգենդ էիք, այսօրվանից կլինեք հավերժ. Կապառոսը՝ Մարադոնայի մահվան մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Շնորհակալություն ձեր ֆուտբոլի, ձեր կախարդանքի և այն ամենի համար, ինչ դուք արել եք մեր սիրելի մարզաձեւի համար, որում Աստված եք: Դուք արդեն լեգենդ էիք: Այսօրվանից դուք կլինեք հավերժ»,- գրել է Կապառոսը Ինստագրամի իր էջում՝ կից տեղադրելով Մարադոնայի հետ լուսանկար:

Մարադոնայի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 25-ին: Արգենտինացի մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Մարադոնան հիվանդանոցից դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին: 60-ամյա մարզիչի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել սրտի կաթվածի հետևանքով:

Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Դիեգո Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984 թվականներին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991 թվականներին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993 թվականներին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994 թվականներին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային ընտրանու կազմում դառնալով աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում