09:11  ,  26 նոյեմբերի, 2020

Ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագը 18 տարեկան էր, զոհվեց Արցախում․ Հենրիկ Հակոբյանը՝ հոր հուշերում (ֆոտո)

Արցախում պատերազմական գործողությունների առաջին օրը զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ, 18-ամյա Հենրիկ Հակոբյանը: Նա օգոստոսին էր զորակոչվել բանակ: Ծառայությունն անցնում էր Մարտակերտում: Ծառայում էր որպես ականանետորդ:

Հենրիկ Հակոբյանի հայրը Գուրգեն Հակոբյանն է՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Հոր հորդորով զբաղվել է ջրագնդակով, ընդգրվել հավաքական, նվիրվել սպորտին, մարզվել եւ աշխատել հոր հետ որպես ջրագնդակի մարզիչ: Կյանքում նպատակները տնտեսագիտության հետ էր կապել:

Հենրիկ Հակոբյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին, հուղարկավորված է Եռաբլուրում:

Արցախյան պատերազմում նահատակված մարզիկի կյանքի ուղու մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գուրգեն Հակոբյանի հետ:

«Ինձ բոլորն ընկեր Համիկ են ասում: Հենրիկն էլ էր ընկեր Համիկ սիրում ասել: Հենրիկը մեր միակ զավակն էր, մեր տան միակ լույսը: Երկար ժամանակ չեմ հավատացել նրա զոհված լինելուն, բայց մահից 15 օր անց նոր գտել ենք նրա այրված դին, այն էլ ԴՆԹ-ի շնորհիվ:

Հենրիկի կյանքն անցել է սպորտում: Իր 18 տարվա կյանքը նվիրեց սպորտին, ապրեց սպորտով: 5-6 տարեկանից սկսել է զբաղվել տարբեր մարզաձեւերով։ Քանի որ ես ջրագնդակի մարզիչ էի եւ իմ մասնագիտությամբ սկսել էի պրոֆեսիոնալ զբաղվել, որդուս վերցրի ինձ մոտ:

Մարզաձեւի նկատմամբ սերը կար, նվիրված էր շատ: Վերջին տարիներին արդեն դարձել էր Հայաստանի հավաքականի անդամ: Մեծ հեղինակություն էր վայելում դպրոցում, հավաքականում:

Հենրիկի հետ շատ կապված ենք եղել ես եւ մայրը, մասնավորապես ինձ հետ այլ կապ է ունեցել. միշտ ինձ հետ է եղել, իմ աչքի առաջ՝ մարզումներին, աշխատանքում, տանը միասին էինք: Իրենով շատ ենք զբաղվել: Այնքան էր մեծացել, որ մեզ համար խորհրդատու էր արդեն, առանց նրա որեւէ որոշում մեր ընտանիքում չի կայացվել:

Ես Հենրիկին յուրահատուկ դաստիարակություն էի տվել: Մանկուց սովորեցրել էի, որ խիղճն ու բարի կամքն առաջնահերթ պետք է լինեն: Ասում էի, որ թույլերին պետք է օգնել, աղջիկներին պաշտպանել: Այդ ոգով էլ մեծացել էր»,- պատմում է զոհված զինվորի հայրը:

Հենրիկ Հակոբյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 17-ին, Երեւանում: Սովորել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում:  

«Դպրոցում լավ էր սովորում: Հիշում եմ, որ դպրոցական տարիներին ծնողական ժողովներից մայրը միշտ հպարտ էր գալիս տուն: Միշտ օրինակ էին բերում Հենրիկին՝ թե սովորելու տեսակետից, թե մարդկային արժանիքների տեսակետից:

Օրերս մոմավառություն էր դպրոցում. չեք պատկերացնում աղջիկներն ինչպես էին սգում: Ասում էին՝ աննկարագրելի լավ մարդ էր, ընկեր էր, օգնող, հասնող»,- ասում է հայրը:

Հենրիկը չնայած հոր խորհրդով է սկսել զբաղվել ջրագնդակով, բայց տարիների ընթացքում «հիվանդացել է» մարզաձեւով: 

«Զավակի դաստիարակության հարցում ծնողը շատ մեծ նշանակություն ունի, բայց տղամարդուն դաստիարակում է նաեւ սպորտը, մասնավորապես, մեր մարզաձեւը՝ ջրագնդակը:

Հենրիկը մինչեւ վերջ նվիրվեց սպորտին, մարզվեց մինչեւ վերջին օրը՝ բանակ գնալուց առաջ: Թիմային մարզաձեւ, կոլեկտիվի զգացողություն, ընկերոջը, խաղընկերոջը հասկանալու, հասնելու զգացողություն. այս ամենը սպորտն է կրթում եւ դաստիարակում տղամարդուն:

Բարդ մարզաձեւ է, ջրում մաքրությունն է միայն խոսում մեր մարզաձեւում: Ով սկսում է զբաղվել, սիրել ջրագնդակը, հիվանդանում է այս մարզաձեւով: Հենրիկը «հիվանդացել էր» ջրագնդակով. առանց մարզումների, առանց պայքարի, առանց իր թիմի, թիմային ընկերների նա իր կյանքը այլեւս չէր պատկերացնում: Պատահական չէ, որ իր ամենամոտ ընկերներին ձեռք բերեց հենց սպորտում:

Հենրիկը Հայաստանի հավաքականի ավագն էր: Բացի մարզվելուց նաեւ մարզում էր:

Թիմում նա ինձ համար մարզիկ էր բոլորի պես: Կարողանում էր թիմին համախմբել, կենտրոնացնել մարզումների վրա»,- անկեղծանում է մարզիչ հայրը:

Հենրիկ Հակոբյանը բացի սպորտից, կյանքում կարեւորել է նաեւ բարձրագույն կրթությունը: Երազել է տնտեսագետի մասնագիտության մասին եւ նախքան զորակոչվելը ընդունվել համալսարան իր նախընտրած մասնագիտությամբ:

«Քանի որ Հայաստանում ջրագնդակը 18 տարեկանից հետո հեռանկար չունի, Հենրիկը շատ լավ գիտակցում եւ հասկանում էր մարզաձեւում առկա խնդիրները ու որոշեց, որ պետք է սովորի: Բանակ գնալուց առաջ ընդունվեց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Շատ լավ մաթեմատիկա գիտեր ու ուզում էր տնտեսագետ դառնալ: Բարձր միավորներով ընդունվեց համալսարան, բայց չհասցրեց ապրել ուսանողական կյանքով, չհասցրեց գնալ համալսարան. գնաց բանակ:

16 տարեկանից աշխատել է: Ինձ հետ միասին որպես մարզիչ աշխատում էր «Հիլզ» սպորտային համալիրի լողավազանում: Աշխատում էր երեխաների հետ ու զգում էի, որ շատ մեծ սիրով է աշխատում, երեխաներին շատ էր սիրում: Նրան էլ էին սիրում: Ասում էին՝ «Հիլզի» Հենոն»,- հիշում է հայրը:

Հենրիկ Հակոբյանը ծառայության գնալիս ասել է, որ ծնողները հանկարծ չանհանգստանան:

«Օգոստոսի 13-ին զորակոչվեց բանակ՝ Մարտակերտ: Գնաց բարձր զգացումով, գիտակցությամբ եւ ուրախ: Ամեն օր զանգում էր, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Պահանջկոտ չէր, ոչինչ չէր ուզում ծառայության ընթացքում: Ծառայել է որպես ականանետորդ:

1,5 ամիս ծառայեց, բայց այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր մեծ հեղինակություն վայելել զորամասում»,- մանրամասնում է հայրը:

18-ամյա Հենրիկի երազանքը եղել է ծնողների համար բարեկեցիկ կյանք ապահովելը։

«Շատ երազանքներ ուներ, որոնց մասին կիսվել է ընկերների հետ: Ասել էր՝ «Իմ ամենամեծ երազանքն այն է, որ հորս ու մորս լավ ապրելուց տեսնեմ»: Միշտ ասում էր, որ պետք է լավ սովորի, լավ մասնագետ դառնա ու լավ գործ ունենա, որպեսզի շատ փող աշխատի: Եվս մեկ մեծ երազանք ուներ. մեծ ծերանոց էր ուզում կառուցել:

Հիմա այնպիսի ցավի մեջ ենք, որ աննկարագրելի է, բայց Հենրիկով, նրա կյանքով ու կյանքի պատմությունով հպարտ եմ եղել ու միշտ կլինեմ: Շատ ծրագրեր ունեմ դեռ իրականացնելու, որ Հենրիկի պատիվը, հիշատակը վառ պահեմ: Կյանքում եւ սպորտում ես դեռ շատ անելիքներ ունեմ Հենրիկի համար, հանուն Հենրիկի»,- խոստովանում է մարզիչ հայրը:

Հենրիկ Հակոբյանը եղել է Արցախյան պատերազմի առաջին զոհերից: Պատերազմը սկսվելու առաջին գիշերը թշնամու ԱԹՍ-ն հարվածել է զինվորներ տեղափոխող ավտոբուսին, որի մեջ եղել է նաեւ Հենրիկը: Որդու զոհվելու մասին ծնողներն իմացել են դեպքից մի քանի օր անց:

Հոկտեմբերի 15-ին Հակոբյանների ընտանիքը տեղեկացել է, որ զոհված զինվոր Հենրիկ Հակոբյանի ԴՆԹ անալիզի պատասխանը համընկել է հոր պատասխանի հետ:

«Տղայիս դին այրված ենք գտել: Մեկ անգամ գնացինք, ման եկանք Մարտակերտում, չգտանք: Երկրորդ անգամ էինք պատրաստվում մեկնել Արցախ, հետաքրքրվել՝ ուր են տարել այդ 28 հոգուն, ճանապարհին զանգեցին, ասացին, որ Մեծամորում է եւ ԴՆԹ անալիզների պատասխանը համընկել է:

Անկեղծ ասած՝ ես չէի հավատում իմ որդու զոհված լինելու լուրին: Պատերազմի 4-րդ օրը մեզ ինֆորմացիա եկավ, որ Հենրիկը ողջ է, նրան տեսնող է եղել, նրա հետ խոսացող է եղել: Հետո պարզվեց, որ երեք Հակոբյան Հենրիկ է եղել այդ զորամասում: Նրա մասին մեզ հասնող ինֆորմացիան զուգադիպություն էր»,- մանրամասնում է Հենրիկ Հակոբյանի հայրը:

Որդեկորույս հայրը խելագարություն է համարում պատերազմ անել, այդքան զոհ ունենալն ու հետո նոր տարածքները հանձնելու որոշում ընդունելը:

«Պատերազմը մեզանից տարավ ամենաթանկը: Ու այդպես հազարավոր երեխաների: Ելքը դրան էր գնում, արդեն հասկանալի էր, որ հաղթանակով չենք ավարտելու: Ես շատ նեղված եմ միայն մեկ բանից, որ այսքան զոհեր ունեցանք: Ես կորցրի իմ միակ երեխային...

Իմ անձնական կարծիքով, եթե պետք է եռակողմ համաձայնագիրը ստորագրվեր, ուրեմն միանգամից պետք է ամեն ինչ արվեր՝ առանց այսքան զոհերի: Պատերազմը պետք է չսկսվեր: Փաստացի՝ մենք պատրաստ չէինք այս պատերազմին: Սա կատարյալ խելագարություն էր՝ պատերազմ անել, նոր ստորագրել համաձայնագիր եւ տալ հողերը: Ինչի՞ համար էր այսքան զոհը...

Այժմ իմ սփոփանքն իմ սաներն են: Շարունակելու եմ աշխատել երեխաների, հավաքականի հետ: Եթե յուրաքանչյուրի մեջ մի փոքր Հենրիկ տեսնեմ, Հենրիկ դնեմ, ինձ համար մեծ ձեռքբերում կլինի»,- միտքն ամփոփում է ընկեր Համիկը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով