14:06  ,  25 նոյեմբերի, 2020

ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները (ֆոտո)

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2020թ. The Best մրցանակաբաշխության հավակնորդների անունները: 11 անվանակարգերում լավագույնների քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ը: Կընտրվեն տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, դարպասապահը և ֆուտբոլիստուհին:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Տյագո Ալկանտարան («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»):

Լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են Ալիսով Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Աթլետիկո») և Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Լավագույն մարզիչի հավակնորդների թվում են Մարսելո Բյելսան («Լիդս»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլյեն Լոպետեգին («Սևիլիա») և Զինեդին Զիդանը («Ռեալ»):

Հիշեցնենք, որ 2019 թվականին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

The Best մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի օնլայն ռեժիմով:

France Football-ը կորոնավիրուսի պատճառով այս տարի չեղյալ էր հայտարարել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Պատմության մեջ առաջին անգամ մրցանակը բաժին չի հասնի որևէ խաղացողի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում