02:12  ,  25 նոյեմբերի, 2020

Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020  օնլայն մրցաշարի 15 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակեց 8,5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Նախնական փուլի 16 մասնակիցներից 8-ը շարունակում են պայքարը նոկաուտ մրցակարգով փլեյ-օֆֆում։

Քառորդ եզրափակիչում են նաեւ 9-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, 8,5-ական միավոր վաստակած ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, 8-ական միավոր վաստակած ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին։

Նախնական փուլի վերջին 5 տուրերում Արոնյանը հաղթեց լեհ Կշիշտոֆ Դուդային, Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ ոքի խաղաց Նակամուրայի եւ չինացի Դին Լիրենի հետ։

Նոյեմբերի 25-ին անցկացվելիք քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Նեպոմնյաշչին, Կարլսենը կմրցի Գիրիի, Նակամուրան՝ Վաշյե-Լագրավի, Ռաջաբովը՝ Սոյի հետ։

Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած շախմատիստները կմասնակցեն նաեւ հաջորդ փուլի մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English