21:51  ,  24 նոյեմբերի, 2020

Անտոնիո Կոնտեն․ Ծիծաղում եմ, երբ կարդում եմ, որ «Ռեալը» կադրային խնդիրներ ունի

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կադրային խնդիրներ չի կարող ունենալ։

Առաջիկա խաղում «Ռեալին» վնասվածքների պատճառով չեն օգնի Քարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը, Լուկա Յովիչը, Էդեր Միլիտաոն, Ալվարո Օդրիոսոլան։

«Չեմ կարծում, որ «Ռեալը» պետք է տրտնջա մի քանի ֆուտբոլիստի բացակայության պատճառով։ Ծիծաղում եմ, երբ կարդում եմ, որ «Ռեալը» կադրային խնդիրներ ունի։ Նրանք պահեստայինների երկար նստարան ունեն։

Մենք Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարդ խմբում ենք եւ վաղը պետք է հաղթենք։ Ոչ մի կասկած չունեմ։ Մենք պետք է վաստակենք առնվազն 7 միավոր, որպեսզի հավակնենք փլեյ-օֆֆի ուղեգրի»,- Կոնտեի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

B խմբում «Ինտերը» 2 միավորով վերջին տեղում է։ Առաջատարը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է՝ 5 միավոր։ Դոնեցկի «Շախտյորն» ու «Ռեալն» ունեն 4-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում