09:10  ,  24 նոյեմբերի, 2020

Գևորգ Կասպարով. Կարիերաս չավարտեցի հենց այս ռեկորդի համար

Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Գևորգ Կասպարովը Երևանի «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում սահմանեց ռեկորդ՝ դառնալով Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը ռեկորդը սահմանեց 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում փորձառու դարպասապահը պատմել է, որ նախորդ տարի կարիերան ավարտելու որոշումը փոխել էր հենց այս ռեկորդը գերազանցելու համար:

«Ես հայտարարել էի, որ նախորդ մրցաշրջանը վերջինը պետք է լինի իմ կարիերայում, բայց հետո տեղեկացա, որ մինչև նոյեմբեր խաղալու դեպքում կգրանցեմ այս ռեկորդը և որոշեցի շարունակել ելույթներս: Ցավոք, պարտվեցինք այդ խաղում՝ չնայած ուրախ եմ ռեկորդի համար»,- ասաց Գևորգ Կասպարովը:

Կասպարովը Հայաստանի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է 23 տարի առաջ, երբ հանդես էր գալիս Արտաշատի «Դվինի» կազմում: Դարպասապահը պատմեց, թե ինչ հիշողություններ են պահպանվել այդ խաղից:

«1997 թվականին առաջին խաղս անցկացրի Արտաշատի «Դվինի» կազմում: Մենք այդ խաղում 1:5 հաշվով պարտվեցինք «Երևանին», որն այդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն»:

Գևորգ Կասպարովը դեռ չի կողմնորոշվել, թե արդյոք այս մրցաշրջանի վերջում է ավարտելու կարիերան, բայց նա ունի մարզիչ դառնալու մտադրություն:

««Շիրակի» հետ գործող պայմանագիր ունեմ մինչև այս մրցաշրջանի ավարտը: Դրանից հետո հնարավոր է՝ շարունակեմ խաղալ, եթե ուժերս ների: Այո, ունեմ մարզիչ դառնալու ծրագրեր, քանի որ ինձ տեսնում եմ ֆուտբոլային ասպարեզում աշխատելիս»:

Նախորդ տարի Գևորգ Կասպարովը 4 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական, որը պատրաստվում էր Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերին Հունաստանի ու Իտալիայի դեմ: Ըստ դարպասապահի՝ այդ հրավերն անսպասելի էր իր համար:

«Այո, իրոք շատ անսպասելի էր 39 տարեկանում կրկին հրավիրվել հավաքական: Շատ կցանկանայի հրաժեշտի հանդիպում անցկացնել Հայաստանի ազգային հավաքականի կազմում»:

Ազգերի լիգայի այս մրցաշարում Հայաստանի հավաքականն ուներ նոր դարպասապահ: Ըստ Կասպարովի՝ Դավիթ Յուրչենկոն վատ տպավորություն չթողեց:

«Փորձառու դարպասապահ է, վատ տպավորություն չի թողնում, բայց, եթե անկեղծ, ուժեղ հավաքականների դեմ խաղերում կերևա նրա իրական պոտենցիալը: Հուսով եմ՝ կարդարացնի իրեն»,- ասաց «Շիրակի» դարպասապահը:

Կասպարովն այս մրցաշրջանից առաջ է միացել «Շիրակին», որի կազմում մեծ փոփոխություններ տեղի ունեցան ամռանը: Դարպասապահի խոսքով, Գյումրիի թիմը բարդ ժամանակաշրջան է ապրում, բայց կարող է հաղթահարել դա:

««Շիրակում» գրեթե ամբողջ կազմը փոխվել է, հավաքվել է նոր թիմ և հիմա դժվար ժամանակահատված է մեզ համար: Թիմը երիտասարդացվել է՝ մեծամասամբ անփորձ ֆուտբոլիստներով: Կան շատ թերություններ, բայց հուսով եմ՝ կկարողանանք կշտկել իրավիճակը»:

Հայաստանի առաջնությունում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստն Ազատ Մանգասարյանն է, որն իր վերջին հանդիպումն առաջնությունում անցկացրել է 46 տարեկան 119 օրականում` 1994թ. մայիսի 5-ին Գորիսի «Զանգեզուրի» կազմում մասնակցելով «Լոռիի» հետ խաղին: Ըստ Կասպարովի՝ այդ ռեկորդը գերազանցելն  իրատեսական չէ ժամանակակից ֆուտբոլում:

«Դժվար է այժմյան ֆուտբոլում խաղալ այդ տարիքում: Չեմ կարծում, որ կարող եմ այդքան խաղալ»,- խոսքը եզրափակեց Կասպարովը:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Գևորգ Կասպարովը հանդես է եկել «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև Իրանը ներկայացնող «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով