02:30  ,  23 նոյեմբերի, 2020

Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 5 տուրից հետո առաջատարից հետ է 1 միավոր

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020  օնլայն մրցաշարի 5 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ամերիկացիներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 4-7-րդ տեղերը։

Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որն ունի 4 միավոր։ Մագնուս Կարլսենն ու իսպանացի Դավիդ Անտոնը վաստակել են 3,5-ական միավոր։

Առաջին 5 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հնդիկ Գուջրատի Վիդիտին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի եւ Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվեց Ուեսլի Սոյին։

Նոյեմբերի 23-ին կանցկացվի եւս 5 տուր, իսկ նախնական փուլը կավարտվի նոյեմբերի 24-ին եւս 5 տուրով։

8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։

Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում