23:47  ,  22 նոյեմբերի, 2020

Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկու հաղթանակով սկսեց պայքարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020  օնլայն մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, իսկ երկրորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց հնդիկ Գուջրատի Վիդիտին։

Արոնյանը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է առաջին տեղը։ Նեպոմնյաշչին հաղթեց Մագնուս Կարլսենին եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։

Առաջին մրցումային օրը տեղի կունենա եւս երեք տուր։

15 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան,, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Սերգեյ Կարյակինը, իսպանացի Դավիդ Անտոնը, հոլանդացի Անիշ Գիրին ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։

Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում