Չեմ հիշում՝ երբ էինք նախորդ անգամ Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճել: Ավելիի հնարավորություն ունեինք, բայց ստացվեց միայն բրոնզ: Գոհ եմ արդյունքներից:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդվայից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի համար մրցելույթներն ավարտվեցին: 8 տղա, 3 աղջիկ կազմով ԵԱ-ին մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 5 բրոնզե մեդալ՝ 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, +91 կգ քաշային Հովհաննես Փափազյանն, կանանց հավաքականից 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
«Արդյունքներից գոհ եմ, բայց կարող էինք ավելին, կարող էինք ունենալ եզրափակիչի առնվազն երկու մասնակից: Շատ լավ մենամարտեր անցկացրին Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Սահակյանը: Հովհաննես Փափազյանը ողնաշարի խնդիր ուներ: Քառորդ եզրափակիչում լավ մասնակցեց, բայց կիսաեզրափակիչի մենամարտից հրաժարվեցինք, քանի որ արդեն ցավազրկողները նրան չէին օգնում: Ռուս բժիշկները նրան հետազոտեցին այստեղ եւ խորհուրդ չտվեցին այդպես ռինգ բարձրանալ:
Ռուսլան Ասլիկյանն ուներ կիսաեզրափակիչում հաղթելու բոլոր հնարավորությունները: Շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց հաղթանակը տվեցին ռուս բռնցքամարտիկին: Նույնը կարող եմ ասել Արթուր Սահակյանի մասին: Մենամարտի վերջում ինձ թվաց Արթուրը հաղթել է, բայց նորից հաղթանակը շնորհվեց Ռուսաստանի ներկայացուցիչին: Արթուրն էլ հրաշալի մենամարտ անցկացրեց, ճիշտ տակտիկայով եւ վստահ հաղթող էր: Բայց ինչ կարող ենք անել, եթե մրցավարները ռուս բռնցքամարտիկին են հաղթանակը տալիս:
Աղջիկներից նույնպես գոհ եմ: Այս պահին աղջիկները մարզիչ չունեն եւ այն ինչ նրանք արեցին, երկու բրոնզե մեդալները նրանց գագաթնակետն էր եւ ուրախ եմ, որ լավ արդյունք գրանցեցին, մեդալով են վերադառնալու:
Ամեն ինչից գոհ եմ, չեմ հիշում, թե նախորդ անգամ երբ էինք 5 մեդալ նվաճել»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Գլխավոր մարզիչը նշեց, որ մեդալակիրները կպարգեւատրվեն եզրափակիչ մենամարտերի օրը: Հայաստանի թիմը կվերադառնա նոյեմբերի 23-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում