13:11  ,  22 նոյեմբերի, 2020

ԵԱ. Արթուր Սահակյանն ու Հովհաննես Փափազյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 21-ին տեղի ունեցան կիսաեզրափակիչի մենամարտերը: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից եզրափակիչի ուղեգրի համար պայքարեցին Հայաստանի թիմի վերջին երկու մասնակիցները՝ 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու +91 կգ քաշային Հովհաննես Փափազյանը:

60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր Սահակյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Տենգիզ Կոտոիան էր: Համառ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս բռնցքամարտիկին (3:2): Արթուր Սահակյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Սահակյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Ստեֆան Վոզնյակովչուն

Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Փափազյանը ռինգ դուրս չեկավ ողնաշարի խնդրի պատճառով: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլ Տկաչուկն էր, որին շնորհվեց հաղթանակը: Փափազյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Եվորպայի առաջնությունում՝ նվաճելով 5 բրոնզե մեդալ:

Հայաստանի համար բրոնզե մեդալներ նվաճեցին 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, +91 կգ քաշային Հովհաննես Փափազյանն, կանանց հավաքականից 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան նոյեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում