10:25  ,  22 նոյեմբերի, 2020

Հովհաննես Դավթյան․ ԵԱ-ում Կարապետյանը պարտվեց, բայց օլիմպիական ուղեգրի հնարավորություն պահպանում է

Ֆերդինանդ Կարապետյանի գոտեմարտը լավ չընթացավ, պարտվեց: Մեր սխալների վրա կաշխատենք, հաջորդ մրցաշարում կհաղթի: Առաջնային նպատակը մնում է օլիմպիական ուղեգիր նվաճելը: Եվրոպայի առաջնությունում միավորներ չվաստակեցինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պրահայից ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությունը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում անհաջող ստացվեց: Հայաստանի միակ ներկայացուցիչը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում:

73 կգ քաշայինների որակավորման փուլում Կարապետյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջիովաննի Էսպոսիտոնի հետ եւ պարտվեց 0:1 հաշվով:

«Մեկնարկային գոտեմարտն էր եւ լավ չդասավորվեց Ֆերդինանդի համար: Ոսկե գցումի գնացին, մրցակիցը ոսկե գցումով հաղթեց: Այնպես չէր, որ իտալացի ձյուդոիստը ուժեղ էր, բարձր նվաճումների տեր մարզիկ էր, այդպես ստացվեց, սա սպորտ է եւ ամեն ինչ հնարավոր է: Հաշվի առնելով Ֆերդինանդի մարզավիճակը, պետք է այսպես չլիներ, քանի որ մենք լավ էինք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Ֆերդինանդը երկու նկատողություն ուներ, բայց դա ոչինչ չէր փոխում եւ մրցակցին առավելություն չէր տալիս: Երրորդ նկատողության դեպքում հիմնականում հեռացնում են մարզիկին: Հիմնական ժամանակն ավարտվեց, ոսկե գնցումի գնացին, ով գցում կատարեր, նրանն էր լինելու հաղթանակը: Ֆերդինանդը պարտվեց եւ որեւէ մեկը դրանում մեղավոր չէ: Պետք է հետեւություններ անել եւ շարժվել առաջ:

Այս քաշային կարգում ուժեղ ձյուդոիստներ կան, մասնակցում էին շատ տիտղոսակիր մարզիկներ, բայց տատամիի վրա տիտղոսը չի օգնում: Հաղթում է նա, ով այդ պահին պատրաստ է:

Ֆերդինանդի գոտեմարտի ընթացքը փոխվեց երկրորդ նկատողությունից հետո. լարվածություն առաջացրեց: Նշեցի արդեն, որ երրորդ նկատողությունից հետո հեռացնում են, իսկ Ֆերդինանդը 10 վայրկյանի տարբերությամբ երկու նկատողություն ստացավ: Երրորդի ստանալու զգուշությունը լարվածություն բերեց նրա մոտ:

Եվրոպայի չեմպիոն դարձավ լրիվ պատահական ձյուդոիստ, որը մեծահասակներում արդյունք չուներ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն էր եղել:

Ֆերդինանդից մեծ ակնկալիքներ ունեինք, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հովհաննես Դավթյանը:

Գլխավոր մարզիչը նշում է, որ առաջնային նպատակը մնում է օլիմպիական ուղեգիր նվաճելը, սակայն Եվրոպայի առաջնությունից կվերադառնան առանց միավորների:

«Ինչպես արդեն նշել էի՝ Եվրոպայի առաջնությունն օլիմպիական վարկանիշային էր, բայց Ֆերդինանդը միավոր չվաստակեց: Միավորները տալիս են յուրաքանչյուր հաղթած գոտեմարտին: Մենք մնացին առանց միավորի: Այնտեղ չնչին միավորներ գուցե լինեն մասնակցության համար, բայց դրանք նույնիսկ չարժե հաշվել:

Ես ասել էի, որ սա վարկանիշների կարեւոր փուլերից մեկն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեծ կորուստ ունենք: Ամեն ինչ առջեւում է: 2021 թվականի սկզբից սկսվում են մեր վարկանիշային մրցաշարերը, Մեծ սաղավարտի մրցաշարերը նույնպես շատ բարձր միավորներ են տալիս: Մենք ժամանակ ունենք եւ բոլոր հնարավորությունները լրացնել օլիմպիական ուղեգրի համար անհրաժեշտ միավորները: Այն բացթողումները, որոնք այստեղ ունեցանք, փորձելու ենք լրացնել եւ ավելի մեծ ուժով պատրաստվել նոր մրցաշարերի:

Օլիմպիական ուղեգրի հնարավորություն միանշանակ ունենք: Եթե ուղեգրին մոտ չլինենք, աննպատակ մրցաշարերի չենք մեկնի, նույն հաջողությամբ այստեղ էլ չէինք գա: Ֆերդինանդի տվյալները, մարզավիճակը, հոգեվիճակը ամեն ինչ տանում է դեպի օլիմպիական ուղեգիրը եւ հետագայում նաեւ օլիմպիական մեդալը: Դեռ ունենք վարկանիշային մի քանի մրցաշարեր եւ եւս մեկ Եվրոպայի առաջնություն մինչեւ Օլիմպիական խաղեր»,- նշեց գլխավոր մարզիչը:  

Հիշեցնենք, որ նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը. Հայաստանում կորոնավիրուսով եւ ռազմական դրությամբ պայմանավորված առաջացել էր երկրից դուրս գալու խնդիր, որը հետագայում կարգավորվեց: Դավթյանի խոսքով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, խստորեն ստուգվել են երկրց դուրս գալիս եւ արդեն նաեւ Չեխիա ժամանելիս:

«Ամեն ինչ շատ խիստ է, անվտանգության կանոնների պահպանումը բարձր մակարդակի վրա: Երկրի սահմանը հատելիս երեք անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեցինք, հետո բոլորն իրենց հյուրանոցային համարներում մեկուսացան: Նաեւ թեստավորվել էինք Հայաստանից դուրս գալիս: Մարզվելու հնարավորություն տալիս էին օրական մեկ ժամ հյուրանոցի տարածքում: Լիարժեք ապահով ենք, այսպիսի խստության եւ սահմանափակ պայմաններում խնդիրներ չունեցանք:

Ֆերդինանդի պարտությունով ոչինչ չի որոշվում: Ամեն ինչ առջեւում է: Այնպես չէ, որ հույսերով ենք առաջնորդվում, Կարապետյանն ունի իրական հնարավորություն Օլիմպիական խաղերում հանդես գալու եւ պատվով ներկայանալու, մեդալ նվաճելու»,- շեշտեց Հովհաննես Դավթյանը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով