10:40  ,  18 նոյեմբերի, 2020

ESPN. Էդմեն Շահբազյանը և Արման Ծառուկյանը՝ լավագույն երիտասարդ մարտիկների թվում

UFC-ում հանդես եկող Էդմեն Շահբազյանը ESPN-ի վարկածով ընդգրկվել է մինչև 25 տարեկան 25 լավագույն մարտիկների թվում: 22-ամյա ամերիկահայ մարտիկը հայտնվել է երկրորդ տեղում՝ հետ մնալով միայն 24-ամյա ավստրալացի Ջիմի Կրուտից:

«Չնայած օգոստոսին Fight Night մրցաշարի գլխավոր մենամարտում միջին քաշային Դերեկ Բրանսոնից կրած պարտությանը՝ Շահբազյանը հասավ ավելի մեծ հաջողությունների, քան մինչև 25 տարեկան մյուս մարտիկները: UFC-ում նա կարիերան սկսել է 2018 թվականին՝ տանելով 4 անընդմեջ հաղթանակ, որոնցից երեքը՝ նոկաուտով: Դրանցից մեկը 2019-ի նոյեմբերին կայացած UFC 244 մրցաշարում վետերան Բրեդ Տավարեսի նկատմամբ գեղեցիկ հաղթանակն էր: Էդմոնդ Թարվերդյանի սանին անհավանական լուսավոր ապագա է սպասվում 185 ֆունտ քաշային կարգում»,- Էդմեն Շահբազյանի մասին գրում է ESPN-ի հոդվածագիրը:

8-րդ տեղում հայտնվել է ռուսաստանցի Արման Ծառուկյանը, որի մասին կայքը գրում է հետևյալը. «Նախորդ տարի UFC-ում նորամուտը նշելիս Ծառուկյանին սպասվում էր բարդ փորձություն՝ մենամարտ Խաբիբ Նուրմագոմեդովի հիմնական մարզումային մրցակից Իսլամ Մախաչևի հետ: Ռուսաստանում մարզվող հայ մարտիկը Մախաչևին ստիպեց ներդնել ամբողջ ուժերը, բայց պարտվեց: Դրանից հետո Ծառուկյանը տարել է 2 հաղթանակ: Նախկին հոկեյիստը պատրաստ է իրական ուժ դառնալ UFC բարդ՝ թեթև քաշային դիվիզիոնում»:

Հիշեցնենք, որ խառը մենամարտերում Էդմեն Շահբազյանն անցկացրել է 11 մենամարտ, տարել 10 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Արման Ծառուկյանը հաղթանակի է հասել 12 մենամարտերում և պարտվել 2 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում