09:09  ,  18 նոյեմբերի, 2020

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա. Գործն ավարտին հասցնելու պահը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը միայն հաղթանակի դեպքում խմբում կգրավի առաջին տեղն ու կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր, իսկ մակեդոնացիներին կբավարարի նույնիսկ ոչ ոքին: Վրաստանի հավաքականի դեմ 3 օր առաջ կայացած խաղում Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ չեզոք դաշտերում խաղալու ու պատերազմական իրավիճակում ծանր հոգեբանական վիճակում գտնվելու պայմաններում ևս կարող է իր մեջ ուժ գտնել ու ունենալ վերջին հաղթական քայլը կատարելու վճռականություն:

Պատմություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները նախկինում հանդիպել են 9 անգամ: Այդ խաղերում հայկական թիմը տարել է 3 հաղթանակ, կրել 4 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել Եվրո-1996-ի ընտրական փուլում: Երևանյան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում Հայաստանի հավաքականն արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Այնուհետև թիմերը հանդիպել են ԱԱ-2006-ի և Եվրո-2012-ին ընտրական փուլերում ու 2018 թվականին անցկացված Ազգերի լիգայի առաջին մրցաշարում: Թիմերի նախորդ դիմակայությունը տեղի է ունեցել Ազգերի լիգայի այս մրցաշարում: Սեպտեմբերի 5-ին Սկոպյեում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1:2 հաշվով:

Կորուստներով, բայց հաղթական տրամադրվածությամբ

Հայաստանի հավաքականի հիմնական խաղացողներից թիմի հետ չեն Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ինչպես նաև բելառուսական «Նեմանի» կազմում արդյունավետ խաղ ցուցադրող Գեղամ Կադիմյանը: Կորոնավիրուսի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի նաև Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը և Անդրե Կալիսիրը: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը Վրաստանի դեմ նախորդ խաղում ապացուցեց, որ կարող է կազմակերպված խաղ ցուցադրել ու հաղթել նաև կադրային լուրջ խնդիրների պայմաններում:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նույնպես ունի կորուստներ: Էստոնիայի դեմ 3 օր առաջ կայացած հաղթական խաղում (2:1) թիմը հանդես չեկավ հիմնական կազմով:

Մակեդոնական մամուլի համաձայն՝ վնասվածքի ու այլ պատճառներով այս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին չեն օգնի թիմի առանցքային խաղացողներից Գորան Պանդևը («Ջենոա»), Էզգիան Ալիոսկին («Լիդս»), Էլիֆ Էլմասը («Նապոլի»), Էնիս Բարդին («Լևանտե»), Ստոլե Դիմիտրիևսկին («Ռայո Վալյեկանո») և Արիյան Ադեմին («Դինամո Զագրեբ»): Թիմի ևս 2 առանցքային խաղացողներ Բոբան Նիկոլովն ու Ստեֆան Սպիրովսկին խաղը բաց կթողնեն դեղին քարտերից որակազրկման պատճառով:

Երկրորդ հանդիպումը չեզոք դաշտում

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշարի 5 խաղերից միայն մեկն է անցկացրել Երևանում: Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՈւԵՖԱ-ն որոշել էր, որ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում: Խաղը կընդունի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնը: Հայաստանի հավաքականը վրացիներին ընդունել էր Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնը:

GSP ստադիոնում իրենց տնային խաղերն անցկացնում են «Օմոնիան», ԱՊՕԵԼ-ը, Նիկոսիայի «Օլիմպիակոսն» ու Կիպրոսի ազգային հավաքականը: 1999-ին բացված ստադիոնը հյուրընկալում է 22 859 հանդիսական, սակայն խաղն անցկացվելու է դատարկ տրիբունաների ներքո:

Այս ստադիոնում հոկտեմբերին խաղացել է նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում 1:2 հաշվով պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Պատմական հաջողության հասած մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 65-րդ տեղում է (Հայաստանը 101-րդն է): Նոյեմբերի 12-ին մակեդոնացիները հաղթեցին իրենց պատմության ամենակարևոր խաղերից մեկում: Մակեդոնիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը մրցակցի դաշտում վիճարկեց վրացիների հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Մակեդոնացիները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Իհարկե, ավելի լավ տրամադրությամբ մրցակից դժվար է պատկերացնել այս պահին, սակայն փորձը ցույց է տվել, որ երբեմն մեծ հաղթանակներին ցավոտ պարտություններ են հաջորդում մոտիվացիայի պակասի պատճառով:

Մրցաշարային դրությունը

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն 8 միավորով երկրորդն է, մակեդոնացիները մրցաշարային աղյուսակը գլխավորում են 9 միավորով, Վրաստանն ունի 6, իսկ Էստոնիան՝ 2 միավոր:

Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ մրցաշարի, որը տալիս էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու իրական շանսեր, այստեղ ամեն բան շատ ավելի բարդ է: Նույնիսկ հաղթանակն ու խմբում առաջին տեղ գրավելը Հայաստանի հավաքականի համար մեծ հնարավորություններ չի ստեղծում 2022թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հեռանկարում, սակայն վերջնական պատկերը պարզ կդառնա ԱԱ-2022-ի ընտրական փուլի ավարտից հետո: Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի ձևաչափը չի փոխվել: Ընտրական 10 խմբերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Եվս 3 ուղեգրեր կվիճարկվեն անցումային խաղերով: Դրանց կմասնակցեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի խմբերում հաղթած 2 ամենաբարձր վարկանիշ ունեցող հավաքականները: Խոսքն այն թիմերի մասին է, որոնք ընտրական փուլի արդյունքում դեռ չեն նվաճել ուղեգիր կամ անցումային խաղերի մասնակցելու իրավունք:

Անկախ ամեն ինչից, մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն կտա Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները գրեթե հավասար են գնահատում կողմերի հնարավորությունները: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հաղթանակը ստացել է 2.50 գործակից, Խոակին Կապարոսի գլխավորած թիմինը՝ 2.80, իսկ ոչ ոքին՝ 3.25:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21:00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Բոբի Մադեն (Շոտլանդիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Արշակ Կորյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում