22:12  ,  16 նոյեմբերի, 2020

Արմեն Գյոզալյան․ Էդգար Ստեփանյանը պատերազմի եւ համավարակի պատճառով չմասնակցեց ԵԱ-ին

Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը չի մասնակցել Բուլղարիայում ավարտված հեծանվահրապարակի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հեծանվորդի նախապատրաստական մարզումային գործընթացը խաթարվել է երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Նոյեմբերի 11-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել հեծանվահրապարակի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել: 

«Եվրոպայի առաջնությանը չմասնակցեցինք: Ցավոք, մենք չկարողացանք լիարժեք պատրաստվել առաջնությանը: Էդգար Ստեփանյանի մարզումային պրոցեսը խաթարվեց պատերազմի պատճառով: Նաեւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարզումները կազմակերպելն ու անցկացնելը խնդիր էր դարձել: Դեռ ամռանը նախատեսում էինք մասնակցություն Եվրոպայի առաջնությանը:

Թող երկրում ամեն ինչ լավանա, մյուս տարի ավելի ուժեղացած կմազնակցենք: Այս տարի այլեւս մրցաշար չունենք: Կնախապատրաստվենք հաջորդ տարվա մրցաշրջանին»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

Նախորդ տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր Հոլանդիայի Ապելդոն քաղաքում, որտեղ  Ստեփանյանը զբաղեցրել էր 17-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն այլեւս չունի, քանի որ հեծանվորդն ու նաեւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան բավարար միավորներ չունեն վարկանիշային մի շարք մրցաշարեր բաց թողնելու պատճառով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում