17:11  ,  16 նոյեմբերի, 2020

Արցախում հերոսաբար զոհված 22-ամյա ծանրորդ Արման Խաչատրյանի լուսավոր հիշատակին (ֆոտո)

Արցախյան պատերազմում վիրավոր ընկերներին ռազմադաշտից դուրս բերելիս հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մարտերից մեկում հերոսաբար զոհվել է ծանրորդ, Հայաստանի երիտասարդների չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր, Օգսեն Միրզոյանի ղեկավարած Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արման Խաչատրյանը:

Նահատակված զինվոր-մարզիկի անունը մինչ օրս զոհվածների պաշտոնական ցուցակներում չկա եւ համարվում է անհետ կորած, սակայն ընտանիքը, երկար փնտրտուքներից հետո, գտել եւ արդեն հուղարկավորել է Արման Խաչատրյանին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրորդի մտերիմ ընկեր Հրայր Թահմասյանը:

Արման Խաչատրյանը 22 տարեկան էր, Արարատի մարզի Շահումյան գյուղից: Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժնի երկրորդ կուրսում: Արցախյան պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային:  

Ընկերոջ պատմելով՝ պատերազմը սկսելու առաջին օրվանից ցանկացել է որպես կամավորական գնալ: Այդ ընթացքում Նուբարաշենի զիմկոմիսարիատից ծանուցագիր է ստացել եւ անմիջապես մեկնել ռազմի դաշտ:

«Արմանը ակտիվ տղա էր, սիրում էր կյանքը եւ մեծ նպատակներ ուներ: Ընկերասեր էր, ընկերոջը հասնող: Պատերազմի առաջին օրվանից պատրաստ էր մեկնել ռազմի դաշտ: Ցանկանում էր որպես կամավորական մեկնել, բայց ծանուցագիր չուշացավ: Հոկտեմբերի 7-ին զինվորագրվեց եւ մեկնեց Արցախ:

Դեպքը տեղի է ունեցել Կուբաթլիի Իշխանաձոր գյուղում հոկտեմբերի 20-ին: Հետախույզների խմբի հրամանատար-տեղակալ է եղել: Զինվորների մի խումբ շրջափակման մեջ է ընկել, նրանց խմբին մտցրել են շրջափակման մեջ ընկած տղաներին փրկելու: Մի քանի հոգու փրկելուց հետո, հաջորդի հետեւից գնալիս մնացել է թշնամու հրետակոծության տակ:

 Մենք դեպքի մասին տեղեկացել ենք օրեր անց: Սկզբում նրան չէինք գտնում ոչ վիրավորների, ոչ զոհվածների, ոչ էլ անհետ կորածների մեջ: Մեզ ասել էին, որ զոհված է, բայց անհետ կորած է, մարմինը գտնվում է չեզոք գոտում եւ չեն կարողանում դին դուրս բերել, քանի որ ռմբակոծության տակ է:  Նուբարաշենի զինկոմիսարիատում մեզ ոչ մի պատասխան չէին տալիս, չէինք կարողանում գտնել: Ընտանիքի անդամների հետ միասին, եղբոր  ջանքերով Արմանին գտանք նոյեմբերի 6-ին:

Մեր զինվորն արդեն հուղարկավորված է իր գյուղում, բայց նրա անունն այդպես էլ մինչ օրս չհայտնվեց զոհվածների անունների պաշտոնական ցուցակներում:  Զինկոմիսարիատը երեւի դեռ տեղյակ չէ, որ ընտանիքը գտել է իր տղային: Նախարարությունից, իր հրամանատարական կազմից որեւէ մեկն այդպես էլ չարձագանքեց, չայցելեց, կապ չհաստատեց ընտանիքի հետ:

Մեր զինվորը զոհվել է հերոսաբար, հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն հողի, բայց նրա անունն այդպես էլ ոչ մի տեղ չնշվեց, նրա մասին չխոսվեց։

Երկար տարիներ նվիրեց սպորտին: Ծառայությունից հետո որոշ ժամանակ էլ մարզվեց, բայց վերջին ամիսներին հեռացել էր ծանրամարտից եւ զբաղվում էր այգեգործությամբ: Չէր աշխատում, հող էր մշակում, լոլիկ էր աճեցնում: Ծառայությունից հետո ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, երկրորդ կուրսում էր սովորում»,- ասում է Հրայր Թահմասյանը:

Արմանի եղբայր Արթուր Խաչատրյանը NEWS.am Sport-ին պատմեց եղբոր առաջնագիծ մեկնելու ցանկության, զինվորականի կյանքի հանդեպ ունեցած հետաքրքրության եւ մանկության երազանքների մասին:

«Մանկուց շատ ակտիվ էր, սիրում էր սպորտը, զինվորականի կյանքն էր սիրում, զենքերի հանդեպ մեծ հետաքրքրություն ուներ: Սպորտով զբաղվել է փոքր տարիքից: Սկզբից ըմբշամարտով էր զբաղվում մինչեւ 7-րդ դասարան, հետո փոխեց ծանրամարտ:

Ծանրամարտում բարձր արդյունքներ էր արդեն գրանցում: Պատանիների եւ երիտասարդների Հայաստանի առաջնություններում մի քանի անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել, մեկ անգամ էլ չեմպիոն է դարձել երիտասարդներում: Դպրոցում լավ է սովորել: Ընկերասեր էր, բոլորին հասնող, սիրում էր ընկերների հետ ժամանակ անցկացնել: Գյուղական կյանքն էր սիրում, եթե որեւէ մեկը մի բանի կարիք ուներ գյուղում, անմիջապես ձեռնարկում էր, օգնում: Շատ նպատակներ ուներ, մեծ երազանքներ: Ուզում էր նոր տուն կառուցել: Հին հեռախոսներ, ռուսական ավտոմեքենաներ էր սիրում վերանորոգել, նորովի դարձնել: Հենց այդպիսի հին ռուսական հին մեքենա էլ վարում էր: Ձեռքից ամեն ինչ գալիս էր: Շինարարությամբ էր զբաղվում:

Կենդանիներ էր սիրում, մասնավորապես շներ: Փոքր տարիքում միշտ խաղում էր շների հետ ձյան մեջ: Ազատություն էր սիրում: Չնայած ինքն ազատ էր, բայց էլ ավելի շատ էր ձգտում ազատության: Ում հետ շփվում էր, որ շրջապատում հայտնվում էր, միշտ բարձր տրամադրություն էր ստեղծում իր հումորներով, հետաքրքիր խոսքով:

Պատերազմը սկսվելու առաջին օրվանից ուզում էր մեկնել առաջնագիծ: Մենք, ընկերները կողքից ասում էինք, որ գոնե մի քիչ սպասի, տեսնենք՝ ինչ ընթացք է ստանում: Ասում էր՝ «չէ, ես չգնամ, ով պիտի գնա... »: Ծանուցումը ստացավ եւ հենց այդ օրն էլ մեկնեց: Չհասցրեցի նորմալ ճանապարհել եղբորս: Աշխատանքից վերադարձա, մոտ 30 րոպե զրուցեցինք ու մեկնեց:

Իրեն զանգով էին կանչել, ասել էին հետախույզ զինվորներ են անհրաժեշտ: Գնացել էր ծանուցումը վերցրել: Մի քանի ժամ ժամանակ էին տվել պատրաստվելու համար ու նույն օրը մեկնեց:

Մարտերի օրերին պարբերաբար զրուցում էինք: Ինձ հետ զրուցելիս նախապես տեղեկացնում էր, որ գործողությունների պետք է մեկնի եւ մի քանի օր անհասանելի կլինի եւ որ ես մեր ծնողներին ինչ-որ բանով խաբեմ, որպեսզի չանհանգստանան: Վերջին անգամ զրուցել ենք հենց դեպքի օրն առավոտյան: Ինձ հետո պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել այդ օրը երեկոյան:  Վիրավորում է ստացել մարմնի տարբեր հատվածներում, նաեւ գլխի հատվածում: Դեպքից անմիջապես հետո տեղափոխել են հիվանդանոց, մի քանի վիրահատություն են արել, բայց վիավորումներն անհամատեղելի են եղել կյանքի հետ. ծանր բեկորային վիրավորումներ են եղել նաեւ գլխի հատվածում: Մահացել է Գորիսի հիվանդանոցում նույն օրը ուշ երեկոյան: Այդ ամենն արվել է անանուն, այսինքն՝ առանց անուն-ազգանունի են հիվանդանոցում տեղեկանք բացել եւ այդպես էլ Գորիսից տեղափոխել են Երեւան: Նրան գտել եմ Երեւանի դիահերձարանում:

Ուժեղ բնավորություն ուներ, ամեն անգամ խոսելիս ասում էր ամեն ինչ լավ է, ես լավ եմ եւ ամեն ինչ լավ է լինելու: Ոչ մի մանրամասների մասին չէր խոսում, չէր պատմում:  Հավատում էր, որ այս պատերազմը մեր հաղթանակով կավարտվի:

Շատ երկար նրանից տեղեկություն չունեինք, փորձում էինք որեւէ տեղեկություն ստանալ, շատ մարդկանց էինք դիմում: Մեզ անընդհատ ասում էին, որ տեղեկություն չկա, չգիտեն, անհետ կորածների մեջ է: Նրա անունը ցուցակների մեջ մինչ օրս չկա: Հոկտեմբերի 23-ին Արմանի մարմնինն արդեն Հայաստանում է եղել, բայց ես նրան գտել եմ նոյմբերի 6-ին, այն էլ՝  մեր միջոցներով: Եթե մենք չփնտրեինք, գուցե մինչ օրս գտնված չլիներ»,- մանրամասնեց Արմանի եղբայրը:

Ըստ մտերիմ ընկեր Հրայրի, տգեղ է, երբ ընտանիքը, ծնողները գտնում եւ հուղարկավորում են իրենց որդուն, բայց զինկոմիսարիատը, նախարարությունը, պաշտոնական աղբյուրները անտեղյակ են, չեն հետաքրքրվում ընտանիքից եւ զինվորին դեռեւս անհետ կորած են համարում:

«Մենք Արմանին հետ չենք կարող բերել, բայց սիրուն չի, որ նրա անունը չկա զոհվածների, հերոսների ցուցակում, իր զինկոմիսարիատում տեղյակ չեն, որ մենք մեր հերոսին գտել ենք: Մեզ որեւէ օգնություն պետք չէ, ուղղակի սովորական ուշադրություն, քանի որ մյուս մեր հերոսներից ոչ պակաս հերոս է, նա էլ հերոսաբար է զոհվել»,- մանրամասնում է Հրայր Թահմասյանը:

Արման Խաչատրյանը ծանրամարտով զբաղվել է 11 տարեկանից: Մարզվել է օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի ղեկավարած Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում: Անձնական  մարզիչը  Գագիկ Սեդրակյանն էր:

Մարզիչն առանց արցունքների չի կարողանում խոսել սանի մասին: Հիշում է, որ ամեն օր ծանրորդը գյուղից էր գալիս Երեւան մարզումների եւ գնում:

«Արմանը մեծ ներուժով բարձրակարգ մարզիկ էր, կարգապահ, աշխատասեր, սպորտին սիրահարված ու նվիրված: Ինձ մոտ եկավ 16 տարեկանում: Ծանրամարտով սկսել էր զբաղվել Տափերական գյուղի մարզադպրոցում, մարզիչ Կարեն Խաչատրյանի մոտ: Եկավ, ասաց, որ իրեն խորհուրդ են տվել Երեւանում հենց ինձ մոտ շարունակի մարզվել: Մեր հայացքները բռնեցին, համակրեցինք իրար եւ ես սիրով ընդունեցի նրան ինձ մոտ, համաձայնեցրի Տափերականի նրա մարզիչի հետ եւ սկսեցինք աշխատել:

85 կգ քաշային կարգում էր հանդես գալիս: Մասնակցել է Հայաստանի առաջնություններին եւ բարձր արդյունքներ էր անում: Պատրաստվում էին երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, բայց զորակոչվեց բանակ եւ չհասցրեցինք մասնակցել խոշոր մրցաշարերի: Բանակից հետո եկավ եւ վերսկսեց մարզումները:  Որոշ ժամանակ մարզվեց,  ցանկանում էր բարձր արդյունքներ անել մեծահասակների կազմում եւ համալրել թիմը: Այդ ընթացքում իմ հորդորով ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտի ծանրամարտի բաժին: Հեռակայում էր եւ զուգահեռ մարզվում: Ուրախացել էր, որ ընդունվել է ինստիտուտ: Նպատակ ուներ հետագայում մարզական կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանք անել:

Արմանը չափազանց համեստ, աշխատասեր, մարդկային բարձր որակներով տղա էր: Սրանք զուտ խոսքեր չեն: Շուրջ 30 տարվա մարզչության փորձ ունեմ եւ նրա պես շատ քիչ մարզիկների եմ հանդիպել իմ աշխատանքում: Հեռանկարային ծանրորդ էր, գրագետ, ֆիզիկապես պատրաստված, հրաշալի տեխնիկայով, ուժեղ: Ամեն ինչ խտացված էր նրա մեջ:

Աննկարագրելի ցավ եմ ապրում, որ Արմանի պես հերոս տղաների կորցրինք եւ այսպես ավարտվեց մեզ համար այս պատերամզը: Արմանից հետո մարզադահլիճ մտնելիս ամեն վայրկյանն իմ սանն ինձ հետ է մտքերով, հուշերով. ասես՝ նրա հետ մարզվեմ: Ես նրան ամեն օր եմ հիշում (հուզվում է)…  Ծանր է»,- ամփոփեց Գագիկ Սեդրակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում