23:36  ,  15 նոյեմբերի, 2020

Կապառոս․ Մեր ֆուտբոլիստները դրսեւորեցին մեծ սեր եւ քաջություն իրենց երկրի պատիվը պաշտպանելիս

Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Վրաստանի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականին բոլոր ֆուտբոլիստներին։ Շատ միասնական խաղացինք, մեծ ջանքեր գործադրեցին։ Նրանք ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր եւ քաջություն իրենց երկրի պատիվը պաշտպանելիս։ Սպորտում ենք եւ միշտ խաղում ենք հաղթանակի հասնելու նպատակով։

Գիտեինք, որ բարդ է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականն ունի շատ ուժեղ թիմ, հինգ տարի աշխատում է նույն մարզիչի ղեկավարությամբ։ Այդ պատճառով ֆուտբոլիստների աշխատանքը շատ կարեւոր էր։

Այստեղից անմիջապես մեկնելու ենք Կիպրոս եւ մակեդոնացիների դեմ խաղին պատրաստվելու ենք նույն նվիրվածությամբ։ Մակեդոնիան նույնպես ունի շատ լավ թիմ»,- ասել է Կապառոսը։

Թբիլիսիում Հայաստանի թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։ C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 8 միավորով երկրորդն է, Վրաստանն ունի 6 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավոր։ Հետնապահը Էստոնիան է՝ 2 միավոր։

Խմբային փուլի վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը Կիպրոսում տեղի կունենա նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ ռազմական դրության պատճառով Հայաստանի հավաքականը տնային հանդիպումները ՈւԵՖԱ-ի որոշմամբ չի անցկացնում սեփական խաղադաշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում