10:15  ,  15 նոյեմբերի, 2020

Վրաստան - Հայաստան. Անոնս

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին C դիվիզիոնի երկրորդ խմբում կմրցի վրացիների հետ: 2 թիմերն էլ պայքարում են խմբում առաջին տեղ գրավելու համար և այս հանդիպումը չափազանց կարևոր է այդ պայքարում մնալու համար:

Պատմություն

Սա Հայաստանի և Վրաստանի հավաքականների 7-րդ հանդիպումն է: Թիմերի միջև նախորդ խաղը տեղի ունեցավ Ազգերի լիգայի այս մրցաշարում (հոկտեմբերի 11-ին) և ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի և Վրաստանի հավաքականներն առաջին անգամ հանդիպեցին պաշտոնական խաղում, որը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Դրանից առաջ թիմերը հանդիպել էր 5 անգամ, բոլորը՝ ընկերական հանդիպումներում: Այդ խաղերում 3 հաղթանակ տարել էին վրացիները, մեկ անգամ հաղթել էր Հայաստանի հավաքականը, ևս մեկ հանդիպում ավարտվել էր ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վրացիների նկատմամբ միակ հաղթանակը տարել է 2004 թվականին, երբ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած խաղում գոլի հեղինակ էին դարձել Արման ու Արտավազդ Քարամյան եղբայրները՝ 2:0:

Նախորդ խաղերը

Ազգերի լիգայի այս մրցաշարի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, 2:0 հաշվով հաղթել էստոնացիներին, որոնց հետ պատասխան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Մյուս խաղը վրացիների հետ մարտական ոչ ոքին էր՝ 2:2:

Վրաստանի հավաքականի նախորդ խաղը, երևի, ամենակարևորներից էր թիմի պատմության մեջ: Վրացիները Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը սեփական դաշտում վիճարկեցին Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պարտվեցին նվազագույն հաշվով: Մակեդոնացիները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հայաստանի դեմ հանդիպումից բացի, Վրաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշարի մեկնարկային տուրում նվազագույն հաշվով հաղթել է էստոնացիներին, ինչպես նաև 2 անգամ 1:1 հաշվով ավարտել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերը:

Կորուստներ

Հայաստանի հավաքականը հանդիպմանը մոտենում է կադրային լուրջ կորուստներով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին իտալական «Ռոման» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով թույլ չի տվել միանալ ազգային թիմին: Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հավաքականին չի միացել վնասվածքի պատճառով, արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ևս հավաքականի ճամբարում չէ: Այս հավաքին մասնակցող խաղացողներից կորոնավիրուսի պատճառով թիմի հետ Թբիլիսի չեն մեկնել դարպասապահներ Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը և կիսապաշտպաններ Էդգար Բաբայանն ու Աղվան Պապիկյանը: Այս անգամ Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստացել նաև Գեղամ Կադիմյանը, որն այս մրցաշրջանում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում բելառուսական «Նեմանի» կազմում և դուբլի հեղինակ էր դարձել նախորդ խաղում:

Վրաստանի հավաքականին դարձյալ չի օգնի բելգիական «Գենտի» 21-ամյա կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողնել նաև Հայաստանի հավաքականի դեմ նախորդ խաղը:

Մխիթարյանի բացակայությունը

Հենրիխ Մխիթարյանը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականում վերադարձը նշեց հենց վրացիների դեմ նախորդ խաղում: Օրեր անց «Ռոմայի» կիսապաշտպանը մասնակցեց նաև Էստոնիայի հավաքականի դեմ խաղին: 2 հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականի առաջատարը չցուցադրեց այն խաղը, որը նրանից ակնկալում են բոլորը: Վերջին շրջանում Մխիթարյանը հրաշալի խաղ է ցուցադրում «Ռոմայի» կազմում և այդպիսի մարզավիճակում նրա՝ հավաքականին միանալը կարող էր հաղթաթուղթ դառնալ հայկական թիմի համար: Այնուամենայնիվ, մինչև վրացիների դեմ նախորդ խաղը Հայաստանի հավաքականը 6 հանդիպում էր անցկացրել առանց Մխիթարյանի, և այդպիսի պայմաններում հանդես գալը նորույթ չի լինելու թիմի համար:

 

Հիասթափված մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Վրաստանի հավաքականը զբաղեցնում է 86-րդ տեղը (Հայաստանը 101-րդն է): 2016 թվականից Վրաստանի հավաքականը գլխավորում է սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսը, որը մակեդոնացիների դեմ նախորդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ազգերի լիգայի այս մրցաշարից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Վրացիներն այս հանդիպմանը մոտենում են ոչ ամենալավ հոգեբանական վիճակում, քանի որ 3 օր առաջ նրանց մեկ քայլ էր բաժանում Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուց, սակայն պատմական հաջողության հասնել չհաջողվեց: Վերջին տարիներին Վրաստանի հավաքականը նկատելի առաջընթաց էր գրանցել Վլադիմիր Վայսի գլխավորությամբ: 56-ամյա մարզիչը Հայաստանի հավաքականի դեմ մրցել էր նաև Եվրո-2012-ի ընտրական փուլում, երբ գլխավորում էր Սլովակիայի հավաքականը:

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում են 3.90 գործակցով, վրացիներինը՝ 2.00, իսկ ոչ ոքին՝ 3.25:

Ազգերի լիգա, 5-րդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հայաստան - Վրաստան՝ ժամը 21:00-ին (Թբիլիսիի «Դինամո» ստադիոն)

Գլխավոր մրցավար՝ Մարկո Գուիդա (Իտալիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Ֆոտո՝ ՀՖՖ, ՎՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս