11:28  ,  15 նոյեմբերի, 2020

Ֆերդինանդ Կարապետյանը Չեխիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Չեխիայում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը: Երկրից դուրս գալու հետ կապված խնդիրները լուծվել են:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Նոյեմբերի 19-21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Ազգային հավաքականից Պրահայում հանդես է գալու միայն 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող միակ ձյուդոիստն է Հայաստանից:

«Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Երկրից դուրս գալու հետ կապված խնդիրները լուծված են: Ֆերդինանդին մրցավայր կուղեկցեմ ես:  Առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 19-ին, Ֆերդինանդը տատամի դուրս կգա նոյեմբերի 20-ին»,- ասաց Հովհաննես Դավթյանը:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի մասնակցությունը ԵԱ-ին հարցականի տակ է ռազմական դրության եւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրից դուրս գալու խնդրիների պատճառով:

Պրահա մեկնելուց առաջ Եվրոպայի չեմպիոնը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացրել Գյումրիում։ Այն երրորդն է եղել ԵԱ-ից առաջ: Թիմի գլխավոր մարզիչի խոսքով՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը Տոկիոյի օլիմպիական ուղեգրի համար պայքարում կարեւոր փուլերից մեկն է, մեկնում են նաեւ մեդալ նվաճելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում