20:02  ,  14 նոյեմբերի, 2020

Կապառոս. Դժվար է ասել՝ որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Պատասխանելով գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի վերաբերյալ հարցին՝ Կապառոսը նշել է, որ ուրախ է, որ իր տրամադրության տակ ունի Ադամյանի պես որակյալ ֆուտբոլիստ:

«Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ»,- նշել է իսպանացի մասնագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մրցակցին՝ Վրաստանի հավաքականին, 65-ամյա մասնագետը նշել է, որ իր գլխավոր հավաքականը կանի ամեն ինչ, որպեսզի չկրկնի նախորդ հանդիպումների սխալները:

«Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք»,- եզրափակել է Կապառոսը:

Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում