09:25  ,  15 նոյեմբերի, 2020

Լեւոն Աղասյան․ Պետք է միշտ լինել ուժեղ ու երբեք չհանձնվել, այսուհետեւ դա մեր պարտքն է (ֆոտո)

Սա պարտություն չէ։ Սա մեր կյանքի ձախողված փուլերից մեկն է, որը մենք, իհարկե, կվերապրենք, հոգեպես կապաքինվենք եւ կսկսենք ուժեղանալ: Պետք է միշտ լինել ուժեղ ու երբեք չհանձնվել։ Այսուհետեւ դա մեր պարտքն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

25-ամյա կապանցի եռացատկորդը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիկունքում կամավորական աշխատանքներ է կատարել. Արցախից ժամանած ընտանիքներին կացության, կեցության պայմաններով ապահովել: Բայց պատերազմը չի շրջանցել նաեւ Լեւոնին: Զինադադար հայտարարվելու նախորդ օրը զոհվել է եռացատկորդի մտերիմ ընկերը:

Լեւոն, մեկ ամսից ավելի հայ ժողովուրդն ապրեց պատերազմի մեջ: Հաղթանակի սպասումն ավարտվեց մեծ թվով զոհերով եւ տարածքներ հանձնելով: Ի՞նչ ապրումներով անցար պատերազմական օրերը եւ ինչպե՞ս ես ընդունում ստեղծված իրավիճակը:

Այդ 44 օրերին քնել եւ արթնացել եմ միայն մեկ մտքով՝ երբ կավարտվի այս պատերազմը, երբ կդադարի այդ մղձավանջը եւ երբ վերջապես մենք կկերտենք այդքան սպասված հաղթանակը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի մտքին այդ օրերին նույնն էր, քանի որ շտապում էինք լսել, որ հաղթել ենք: Բայց ելքը բոլորիս, ամբողջ հայ ազգի համար եղավ ցավալի այն առումով, որ կորցրինք մեր սրտից մի մաս, կորցրինք մեր հայրենիքից մի մաս։

Նույն ապրումներով անցել են մարզումներս, նույն մտորումներով, չէր ստացվում բարձր տրամադրությամբ մարզվել: Առօրյան՝ անգույն է, տրամադրությունը հայտնի համաձայնագրից հետո տխուր, անհասկանալի, դատարկ, բայց ոչ անհույս:

Լիարժեք չեմ մարզվում այս շրջանում: Պանդեմիայի պատճառով Երեւանի «Սպարտակ» համալիրը չի գործում: Մարզվում եմ դրսում՝ այգիներում, Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում, Հրազդանի կիրճում: Տեխնիկական ոչ մի մարզում չի լինում անել, միայն ֆիզիկականի վրա եմ աշխատում: Սկզբում, երբ պանդեմիայի պատճառով փակվեցին մարզադպրոցները եւ դրսում էինք մարզվում, առաջին իսկ րոպեներից բոլոր մարզիկներս մտահոգված զրուցում էինք պատերազմից եւ ամբողջ մարզումը ձախողում:

Լեւոն, երբ լսեցիր պատերազմը սկսվելու մասին, ի՞նչ մտածեցիր:

Հարցեր էին պտտվում գլխումս՝ ինչու, ինչից, ինչպես, մինչեւ երբ... Բոլորի նման լիահույս էի, որ մի քանի օրից կվերջանա, կանգ կառնի, զոհեր չենք ունենա եւ այլն: Հետո արդեն հասկանալի դարձավ, որ սա հրադադարի հերթական խախտում չէ, այլ արդեն հայրենիքի, պետականության, ազգի պաշտպանության հարցն է, պատերազմ է եւ պետք է դրա դեմ շատ լուրջ պայքարել միայն կռվով: Ցավում եմ յուրաքանչյուր զոհված զինվորի համար: Անդառնալի կորուստ է, քանի որ մենք հերոսներ կորցրինք: Երբեք չենք կարող հարմարվել մեր հերոս տղերքի կորուստների հետ, ամեն զինվորի կյանք արժեցած այս պատերազմի ու ցավալի համաձայնագրի հետ:

Ոչ մի օր ու րոպե չեմ կասկածել մեր հաղթանակի վրա: Մենք՝ մարզիկներս, յուրահատուկ մի բնավորության գիծ ունենք՝ երբեք ու երբեք չհանձնվել, չհուսահատվել, չնահանջել, զենքերը վայր չդնել: Չհանձնվելու հակում ու սովորություն ունենք: Երբ մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձում ենք դրանից հետեւություններ անել եւ ավելի մեծ ուժով նետվել հաղթանակի:

Սա պարտություն չէ։ Սա մեր կյանքի ձախողված փուլերից մեկն է, որը մենք, իհարկե կապրենք, հոգեպես կապաքինվենք եւ կսկսենք ուժեղանալ, զարգանալ, մեր երկիրը դարձնել ավելի հզոր, ավելի ներդաշնակ ու ծաղկուն. այնպիսի երկիր, որի մասին մենք երազել ենք։

Ի՞նչ տվեց ու ի՞նչ տարավ քեզանից այս պատերազմը:

Այս պատերազմում ես կորցրի իմ ընկերոջը։ Ոչ, նա իմ ընկերը չէ։ Նա իմ եղբայրն է։ Դա աննկարագրելի ցավ է ինձ համար։ Ես իր պատիվը միշտ բարձր կպահեմ կյանքիս բոլոր բնագավառներում։ Այս պատերազմի ընթացքում ես կրկին համոզվեցի, որ պետք է միշտ լինել ուժեղ, խոչնդոտներին մոտենալ սառնասրտորեն, չտրվել խառնոշփոթություն առաջացնող էմոցիաներին, հետ չկանգնել նպատակներին հասնելու ճանապարհից եւ երբեք չհանձնվել։ ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎԵԼ։ Այսուհետեւ դա մեր պարտքն է:

Ի՞նչ կամավորական աշխատանքների ես մասնակցել պատերազմի օրերին թիկունքում:

Սկզբնական օրերին, երբ Արցախից ընտանիքներ էին տեղախփոխվել Հայաստան, մի քանի ընտանիքների համար Կապանում գտա կացության վայրեր, նրանց համար նաեւ ապահովեցի առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, սնունդ, որպեսզի կարողանան իրենց կյանքը կազմակերպել: Ընկերներիս հետ կատարել ենք այցելություններ վիրավոր զինծառայողների, որոնց ես չեմ ճանաչել անձամբ: Այդ զինվորների ընտանիքներին ենք օգնել, գումար ենք հավաքել եւ փոխանցել ծնողներին: Այս ամենը, ինչ արել ենք, մեր պարտքն է: Սխալ է ասել, թե օգնել ենք, մեր պարտականությունն ենք արել: Նաեւ ընկերներով գումար ենք հավաքել եւ փոխանցել Համահայկական հիմնադրամ:

Քանի որ այս շրջանում մարզվում եմ Երեւանում, նաեւ մայրաքաղաքում եմ մի ընտանիքի համար գտել կացության վայր: Ի դեպ, ուզում եմ առանձնահատուկ նշել, որ պատերազմի օրերին մեր ազգը շատ միասնական էր՝ մայրաքաղաքի բնակիչներից մինչեւ հեռավոր մարզերի եւ գյուղերի բնակիչները, բոլորը պատրաստակամ էին օգնել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացության վայրերով, իրենց բնակարանները զիջելով, հագուստով, ապրուստի միջոցներով: Այս ամենն իրականացնելը հեշտ չէր, բայց բարդ էլ չէր: Ուղղակի պետք էր ինքնակազմակերպվել եւ համակարգված աշխատանքներ կատարել:

Լեւոն, Կապանը, մասնավորապես Դավիթ Բեկ գյուղը, պարբերաբար թշնամու թիրախում էր: Պատերազմի օրերին մի քանի անգամ Կապանում հնչեց օդային տագնապ: Ի՞նչ վիճակ է եղել քո քաղաքում եւ այժմ ինչպիսի տրամադրություններ են:

Երբ Կապանում առաջին անգամ հնչեց օդային տագնապը, այդ օրը ես Երեւանում էի: Ինձ այդ դեպքի մասին հետո պատմեցին ընտանիքիս անդամները: Առաջին անգամ հնչելու օրը խուճապ է եղել, քանի որ անսպասելի է եղել, մարդիկ անպատրաստ են եղել, չեն կարողացել արագ կողմոնորշվել: Իրոք ամեն ինչ շատ հանկարծակի եւ անհանգստացնող է եղել: Ընտանիքիս անդամները պատմում են, որ անանկնալի են եկել, քանի որ որեւէ մեկը չի պատկերացրել՝ թշնամին կխախտի Հայաստանի Հանրապետության սահմանները: Անօդաչու թռչող սարքերն էին: Խուճապ է եղել, բայց կարողացել են արագ կազմակերպվել եւ շտապել ապաստարանները: Վերջին անգամ Կապանի օդային տագնապի շչակները գործել էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հրթիռակոծվել է քաղաքը: Դրանից այս կողմ երբեւէ օդային տագնապի ձայնը մեր քաղաքում չի լսվել: Այդ պահից սկսած կապանցիները գիտակցեցին, որ կարելի է սպասել ամեն ինչի եւ պետք է լինել պատրաստ: Կապան քաղաքն ամուր կանգնած է: Որեւէ կապանցի չի լքել ու երբեք չի լքի իր տունը պատերազմի պատճառով:

Լեւոն, ինչպիսի՞ն կլինի այս պատերազմի անդրադարձը մեծ սպորտի վրա:

Մենք՝ մարզիկներս, հեռու ենք քաղաքականությունից: Ես միշտ հակված եմ եղել այն գաղափարին, որ սպորտը չպետք է քաղաքականացվի: Բայց հայկական սպորտը երբեմն բախվել է այս պատերազմին տարբեր մարզաձեւերում եւ մրցահարթակներում: Հայկական սպորտի վրա այս պատերազմն իր հետքը կթողնի, բայց այս անգամ շատ ավելի ուրիշ ձեւ: Հոգեբանական առումով, այս պատերազմը շատ մեծ խթան է լինելու մարզիկների նոր հաղթանակների, բարձր նվաճումների համար: Այս պատերազմը մեզ նոր մոտիվացիա է տալու մեծ հաղթանակների համար, օգնելու է հայկական սպորտին մեկ նոր ավելի բարձր աստիճանին կանգնել միջազգային արենայում:

Իմ օրինակով ասեմ՝ ես ինձ համար մի նոր նշաձող եմ սահմանել, որ այսուհետեւ բոլոր մրցաշարերին պետք է մոտենամ ավելի սառնասրտորեն եւ շատ ուժեղ, հաղթեմ, կրկնակի բարձր արդյունքներ գրանցեմ իմ երկրի, մեր հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհած ամեն մի զինվորի համար, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու համոզվի՝ մեզ կոտրել հնարավոր չէ նույնիսկ այսպիսի ելքով պատերազմից հետո:

Լեւոն, այս օրերին հանրությունը պառակտվել է երկու խմբի՝ մի մասը քննադատում է ՀՀ վարչապետի որոշումը, մյուս մասը՝ պաշտպանում: Ինչպիսի՞ն է քո դիրքորոշումը որպես ՀՀ քաղաքացի:

Իմ կարծիքով ` այս պահին իմ ազգի գերխնդիրը հույզերի ազդեցության տակ ներքին պառակտում թույլ չտալն է. քանի որ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է տնտեսական, սոցիալական բավականին բարդ իրավիճակում։ Եվ այդ իրավիճակը վատթարացնում է նաեւ համավարակը եւ դրան նպաստող հանրահավաքները, որոնց անցկացումը շատ մեծ խնդիր կառաջացնի շուտով։ Կարծում եմ՝ հիմա ամեն մեկս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ հայրենասիրությամբ լեցուն պետք է կատարենք մեր գործը, որպեսզի մեր երկիրը արագ ոտքի կանգնի եւ վերսկսեն մեր հաղթանակները:

Խոնարհվում եմ Արցախյան պատերազմում նահատակված բոլոր զինվորների առջեւ: Հավերժ փառք մեր հերոսներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով