17:37  ,  6 նոյեմբերի, 2020

Սարգիս Ադամյանը երկարաձգեց «Հոֆենհայմի» հետ պայմանագիրը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկարաձգել է գերմանական «Հոֆենհայմի» հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

««Հոֆենհայմում» բոլոր առումներով լավ եմ զգում ինձ: Շատ եմ գնահատում այն, որ այստեղ մարդիկ գնահատում են ինձ և տվեցին Բունդեսլիգայում խաղալու հնարավորություն՝ չնայած նրան, որ ընդամենը մի քանի տարի առաջ հանդես էի գալիս չորրորդ լիգայում»,- նշել է Սարգիս Ադամյանը: 

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը 2019-ի ամռանը գերմանական «Յան Ռեգենսբուրգից» է տեղափոխվել «Հոֆենհայմ», որի հետ նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022-ի ամառ:

Հայ հարձակվողը վնասվածքի պատճառով բաց թողեց այս մրցաշրջանի սկզբնամասը, բայց խաղադաշտ վերադառնալուց հետո արդեն 4 հանդիպում է անցկացրել գերմանական ակումբի կազմում և դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Չեխական «Լիբերեցի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (5:0) նա դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս գալուց հետո: Սարգիսն այդ դուբլը նվիրել է Հայաստանին:

Գերմանիայի նախորդ առաջնությունում Ադամյանը մասնակցել է 15 խաղի և դարձել 5 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում