17:10  ,  3 նոյեմբերի, 2020

«Գանձասար-Կապանը» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը չի ժամանել մասնակցելու Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ:

«Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին:  Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 03 կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Խաղի մրցավարը և պատվիրակը պարտավոր են արձանագրել տվյալ փաստը այդ խաղի արձանագրությունում և պատվիրակի զեկույցում և ներկայացնել ՀՖՖ:

«Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» չկայացած հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի հոդված 36-ի կետ 5-ի համաձայն:

Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ»,- ասված է ՀՖՖ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում մրցելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ մասին ակումբը հայտնել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին ուղղված բաց նամակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով