13:04  ,  1 նոյեմբերի, 2020

ԿԳՄՍ նախարարություն․ «Սպանել բոլոր հայերին» կոչը Ադրբեջանի քաղաքականության արդյունք է

Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի (լուսանկարում) կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։

Այս մասին նշվում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում

«Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները երկար տարիներ ծառայեցված են եղել այդ հանցավոր նպատակին, և զարմանալի չէ, որ վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության անհնարինությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման՝ որպես արցախյան հարցի լուծման միակ միջոցի անվիճարկելի անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք, որ Բաքվի «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովը հանդես է եկել հայերի դեմ ուղղված ահաբեկչական հայտարարությամբ:

«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»,- ֆեյսբուքյան էջում գրել էր ադրբեջանցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում