09:06  +04,  30 հոկտեմբերի, 2020

Ժորա Համազարյանը կմենամարտի Արսլան Մագոմեդովի հետ․ Հայ բռնցքամարտիկի մեկնաբանությունը՝ NEWS.am Sport-ին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Ժորա Համազարյանը չի ծառայել հայոց բանակում, բայց պատերազմի առաջին օրերին ցանկացել է կամավորագրվել եւ մեկնել ռազմաճակատ: Զինկոմիսարիատում նրան թույլ չեն տվել մեկնել Արցախ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը որոշել է մենամարտով ոգեւորել, աջակցել սահմանին կռվող զինվորներին՝ հաղթելով եւ հաղթանակը նվիրելով հայ զինվորներին:

Ժորա Համազարյանը 24 տարեկան է, ծնունդով Գյումրիից: Բնակվում է ԱՄՆ-ում: 6 տարեկանից զբաղվում է բռնցքամարտով: Եղել է Հայաստանի հավաքականի անդամ: 2015 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: 2015 թվականի նոյեմբերի 13-ին երկրորդ մենամարտում նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Տուրալ Գարաշովին։ Դրանից հետո պայմանագիր է կնքել մոսկովյան Punch Boxing Promotion-ի հետ:

2016 թվականի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցած մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը նվաճել է WBO վարկածով մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Պրոֆեսիոնալ ռինգում Ժորա Համազարյանն անցկացրել է 12 մենամարտ՝ 9 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով, 1 պարտություն եւ 2 ոչ ոքի: Այժմ պատրաստվում է իր 13-րդ մենամարտին՝ նոր պրոմոութերական ընկերության հետ, նոր պայմանագրով:  Մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մրցակիցը դաղստանցի Արսլան Մագոմեդովն է (5-1-1), մենամարտը՝  վարկանիշային:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պատմել է առաջիկա մենամարտի, հաղթանակի կարեւորության եւ սիրողական բռնցքամարտ վերադառնալու, Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու ծրագրերի մասին:

«Բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց տարվա ընթացքում ոչ մարզումային եւ ոչ նախամենամարտային փուլերում լինում եմ Հայաստանում: Պատերազմը սկսելու օրերին Հայաստանում էի: Գնացի զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու: Ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, մեր զինվորների կողքին լինել, ինչ-որ բանով օգնել: Հասկանում էի, որ զինծառայություն անցած չեմ եւ ինձ թույլ չեն տա զենք վերցնել ձեռքս ու առաջնագիծ մեկնել, բայց ուզում էի ինչ-որ բանով օգտակար լինել, թեկուզ ջուր, սնունդն տանել-բերել զինվորների համար, օգտակար գործ անել: Ինձ թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ իրավունք չունեն ծառայություն չանցած անձին թույլ տալ մեկնել ռազմաճակատ: Վերադարձա ԱՄՆ եւ որոշեցի հերթական մենամարտս անցկացնել, հաղթանակ տոնել ու այդպես քաջալերել մեր զինվորներին»,- ասաց Ժորա Համազարյանը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նոր պայմանագիր է կնքել բրիտանական Siesta Boxing Promotion-ի հետ, պրոմոութեր՝ Ալ Սիեստա, որն արմատներով հայ է: Մինսկում անցկացվելիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը Ժորա Համազարյան - Արսլան Մագոմեդով դիմակայությունն է լինելու:

«Քանի որ ինձ թույլ չտվեցին մեկնել ռազմաճակատ, որոշեցի  մենամարտով ոգեշնչել մեր տեղաներին: Պատերազմ է, այս շրջանում ցանկացած հաղթանակ, թեկուզ փոքր, բոլորին ուրախացնելու է, զինվորներին ոգեւորելու, մեր դրոշն է ծածանվելու: Հենց այս նպատակով որոշեցի անպայման մենամարտել եւ ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: Ամբողջ աշխարհը պետք է տեսնի, որ հայը հաղթող ազգ է, հայ ազգը պարտվել չի սիրում ու միշտ հաղթելու է:

Այս մենամարտում ցանկանում էի Արցախի դրոշով ռինգ դուրս գալ, բայց արգելեցին, ասացին՝ հետո խնդիրներ կառաջանա: Ես Հայաստանի դրոշով կբարձրանամ, բայց կանենք նաեւ ակցիա՝ իմ թիմի անդամները կլինեն պատերազմի խորհուրդ դարձած զոհված զինվոր՝ Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերող շապիկներով:

Տեղի է ունեցել կշռման արարողությունը, որի ժամանակ էլ կրում էի Արցախի դրոշով դիմակ»,- նշեց գյումրեցի բռնցքամարտիկը:

Պրոֆեսիոնալ կարիերայում բեկումնայինը եղել է ադրբեջանցի Տուրալ Գարաշովի հետ մենամարտը, որը երկրորդ փորձն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը մենամարտի երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն:

«Ապրիլյան պատերազմից առաջ էր: Ադրբեջանցուն ծանր նոկաուտի ենթարկեցի: Շատ կարեւոր մենամարտ էր ինձ համար եւ կարեւոր հաղթանակ: Շատ եմ ունեցել ադրբեջանցի, թուրք մրցակիցներ ու միշտ հաղթել եմ: Բոլոր մրցակիցներիս հետ ռինգ դուրս գալիս միայն հաղթական ու մարտական եմ տրամադրվում, բայց եթե մրցակիցներս Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչներ են, ավելի պարտավորեցնող է լինում, լարվածությունն է մեծ լինում, քանի որ գիտակցում ես՝ պարտք ունես կատարելու քո ազգի առաջ եւ միայն պետք է հաղթես: Ես մտածում եմ, որ որքան էլ սերունդներ անցնեն, ինչքան էլ ապրենք, անցյալը եւ այժմ արդեն ներկան միշտ հիշվելու է յուրաքանչյուրիս մեջ ու մենք պարտք ունենք՝ նրանց միայն հաղթելու»,- մեկնաբանեց Ժորա Համազարյանը:

Առաջիկա մենամարտում հաղթելուց հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ծրագրում է հերթական չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնել: Նպատակ ունի նաեւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:  

«Բռնցքամարտով զբաղվում եմ 6 տարեկանից: 10 տարի եղել եմ Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից եմ: Բռնցքամարտի ֆեդերացիայից հրավեր ունեի՝ մասնակցելու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, հետո նաեւ Օլիմպիական խաղերին: Չհամաձայնեցի: Այդ ժամանակ նոր էր սկսվել իմ կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ աշխարհի գոտու համար մենամարտին պետք է պատրաստվեի: Ընտրության առաջ էի՝ աշխարհի գոտու համար մենամարտ, թե Օլիմպիական խաղեր: Նախընտրեցի աշխարհի գոտին՝ պրոֆեսիոնալ ռինգը:

Այս պահին հրավեր ունեմ ֆեդերացիայից՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Որոշում եմ կայացրել այս հնարավորությունս բաց չթողնել եւ մասնակցել վարկանիշային մրցաշարերին, ուղեգիր նվաճել,  մեկնել Տոկիո՝ օլիմպիական մեդալի հետեւից: Պայքարս կլինի 69 կգ քաշային կարգում: Հուսամ՝ ամեն ինչ կստացվի եւ նպատակս՝ Հայաստանի համար բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճելը, կհաջողվի: Այս անգամ ես պետք է մասնակցեմ»,- ասաց Հայաստանի հավաքականի նախկին անդամը:

Ժորա Համազարյան - Արսլան Մագոմեդով մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Երեւանի ժամանակով 01:30-ին: Կցուցադրվի ռուսական Матч ТВ-ով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս