16:27  ,  29 հոկտեմբերի, 2020

Պիրլո. «Բարսելոնան» «Յուվենտուսին» գերազանցում է իր զարգացմամբ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնայից» կրած տնային պարտությունը 0:2 հաշվով:

«Մենք գիտեինք, որ բարդ հանդիպում է լինելու մի թիմի դեմ, որը կարողանում է ֆուտբոլ խաղալ ու գերազանցում է մեզ իր զարգացմամբ: Նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք սովոր են խաղալ այսպես, իսկ մեր խաղացողներից շատերն ընդամենը երկրորդ խաղն էին անցկացնում Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ այս հանդիպումը կօգնի մեզ աճել: Հույս ունեմ, որ մեր առանցքային խաղացողները շուտով կվերադառնան թիմ, քանի որ բարդ է մի քանի խաղ անընդմեջ անցկացնել նույն կազմով: Արտուրը, Ռաբիոն, Բենտանկուրը և մյուսները դեռ շատ երիտասարդ են, և մենք ցանկանում ենք փորձ հավաքել, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ հավասար պայքար մղել «Բարսելոնայի» պես թիմերի դեմ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում կատալոնական ակումբը 5:1 հաշվով հաղթել էր հունգարական «Ֆերենցվարոշին», իսկ իտալական թիմը 2:0 հաշվով ուժեղ էր գտնվել Կիևի «Դինամոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում