20:36  ,  23 հոկտեմբերի, 2020

Իտալական «Սիենան» կխաղա «Արցախի ճանաչո՛ւմ» կարգախոսով

«Սիենա» (ACN Siena) ՖԱ-ի առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, «Գրասինայի» դեմ խաղը անցնելու է՝ «Արցախի ճանաչու՛մ» կարգախոսով։ Տրիբունաներում տեղադրվելու են Հայաստանի Եռագույն դրոշի գույներով և ի պաշտպանություն Արցախի կարգախոսներով բաներներ։ Խաղի տոմսերի վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին (Hayastan All Armenian Fund), հաղորդում է Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Խաղին ներկա են գտնվելու Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Սիենայի քաղաքապետ Լուիջի դե Մոսսին։ Այս ակցիան իրականացվում է իտալական Սիենա քաղաքի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման ջանքերի շրջանակներում։ 

«Նոա» հոլդինգը, որը Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է, այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը։ «Սիենան» ստեղծվել է 1904 թվականին: Սերիա Ա-ին առաջին անգամ մասնակցել է 2003/04 մրցաշրջանում: «Սիենան» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում, որը կարող է ընդունել 15373 հանդիսականի, և գտնվում է Տոսկանա շրջանի Սիենա քաղաքի կենտրոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում