21:11  +04,  21 հոկտեմբերի, 2020

Հակոբ Սերոբյան․ Հավաքականի բոլոր անդամները, ես էլ նրանց հետ պատրաստ ենք մեկնել առաջնագիծ

Հավաքականի բոլոր անդամները, ես էլ նրանց հետ պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեկնել առաջնագիծ եւ կռվել մեր հայրենիքի, հողի համար: Ցավալի է երիտասարդների կորուստների մասին լսելը, բայց մեկ վայրկյան չենք կասկածոււմ, որ հաղթելու ենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ դեկտեմբերին Բաքվում անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման վայրը փոխվել է եւ տեղի կունենա Թուրքիայի Մերսին քաղաքում: Հայաստանի հավաքականը որոշեց բոյկոտել:

«Բոլորիս ուշադրությունը, մտքերը, զրույցները միայն պատերազմի մասին են: Մարզումների ընթացքում, դրանցից դուրս խոսում ենք միայն դրա մասին, հետեւում լրահոսին: Մարզումներ անում ենք, բայց ոչ այնպես, ինչպես միշտ. այլ մթնոլորտ ու տրամադրություն է դահլիճում:

 Հավաքականից երկու անդամ ունենք առաջնագծում՝ ժամկետային զինծառայողներ  Ժորա Սմբատյանն ու Հովհաննես Հակոբյանը: Մեծահասակների հավաքականից առաջին օրերից Արցախում է նաեւ Վիգեն Խաչատրյանը: Մեր թիմը եւ ես պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեկնել առաջնագիծ եւ մեր զինվորների հետ պայքարել մեր երկրի, հողի համար:

Ոչ մի վայրկյան չենք կասկածում հաղթանակի վրա, միայն թե մեր հերոս զինվորների,  երիտասարդների կորուստներն ընկճում են, բայց պատերազմ է եւ դժվար է խուսափել կորուստներից»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանի որոշմամբ, մարմնամարզիկները չեն մասնակցելու Թուրքիայում անցկացվելիք 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը:

«Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 9-13-ը  Բաքվում, որին մենք, բնականաբար, հայտ չէինք ներկայացրել: Եվրոպական ֆեդերացիայի որոշմամբ առաջնության անցկացման վայրը փոխվեց Թուրքիա:

Մենք որոշեցինք բոյկոտել նաեւ Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը: Տղաները ցանկանում են մասնակցել, բայց երկար քննարկումներ ունեցանք, լսեցի յուրաքանչյուրին եւ որոշեցինք չմեկնել Թուրքիա:

Այս որոշումը ունի մի քանի պատճառ: Այն գումարները, որոնք պետք է ծախսենք առաջնությանը մասնակցելու համար, ավելի լավ է այս պահին, պատերազմական այս իրավիճակում թողնենք պետությանը: Այդ ֆինանսն ավելի կարեւոր տեղ կարող է ծախսվել, ինչն օգուտ կտա մեր պետությանը:

Կա մի շատ կարեւոր փաստ. եթե գնալ Թուրքիա, ապա միայն հաղթելու: Հայաստանի հավաքականի դեպքում շատ կարեւոր է Թուրքիայում մեդալ նվաճելն ու դրոշ բարձրացնելը, բայց բոլորիս համար հասկանալի է, որ մեզ այս իրավիճակում թույլ չեն տա այնտեղ դրոշ բարձրացնել: Իսկ գնալ ու առանց մեդալի վերադառնալ, սխալ կլինի: 

Չմասնակցելու պատճառներից մեկն էլ նաեւ անվտանգության խնդիրն է: Ցանկացած պահի կարող է լինել սադրանք: Մենք էլ տաք ենք, սառը չենք կարող դատել եւ տրվելու ենք այդ պրովոկացիային: Մի թեթեւ քայլ, խոսք, վերաբերմունք, ես ինքս էլ պատասխան կտամ, վստահ չեմ լռի: Ինձ համար, ու կարծում եմ արդեն բոլորի համար՝ Թուրքիան նույնն է, ինչ Ադրբեջանը: Շատ զայրացած հոգեվիճակ է: Սպորտը երբեք անմասն չի եղել այս պատերազմից»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս