Հավաքականի բոլոր անդամները, ես էլ նրանց հետ պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեկնել առաջնագիծ եւ կռվել մեր հայրենիքի, հողի համար: Ցավալի է երիտասարդների կորուստների մասին լսելը, բայց մեկ վայրկյան չենք կասկածոււմ, որ հաղթելու ենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ դեկտեմբերին Բաքվում անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման վայրը փոխվել է եւ տեղի կունենա Թուրքիայի Մերսին քաղաքում: Հայաստանի հավաքականը որոշեց բոյկոտել:
«Բոլորիս ուշադրությունը, մտքերը, զրույցները միայն պատերազմի մասին են: Մարզումների ընթացքում, դրանցից դուրս խոսում ենք միայն դրա մասին, հետեւում լրահոսին: Մարզումներ անում ենք, բայց ոչ այնպես, ինչպես միշտ. այլ մթնոլորտ ու տրամադրություն է դահլիճում:
Հավաքականից երկու անդամ ունենք առաջնագծում՝ ժամկետային զինծառայողներ Ժորա Սմբատյանն ու Հովհաննես Հակոբյանը: Մեծահասակների հավաքականից առաջին օրերից Արցախում է նաեւ Վիգեն Խաչատրյանը: Մեր թիմը եւ ես պատրաստ ենք հարկ եղած դեպքում մեկնել առաջնագիծ եւ մեր զինվորների հետ պայքարել մեր երկրի, հողի համար:
Ոչ մի վայրկյան չենք կասկածում հաղթանակի վրա, միայն թե մեր հերոս զինվորների, երիտասարդների կորուստներն ընկճում են, բայց պատերազմ է եւ դժվար է խուսափել կորուստներից»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Հակոբ Սերոբյանի որոշմամբ, մարմնամարզիկները չեն մասնակցելու Թուրքիայում անցկացվելիք 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը:
«Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 9-13-ը Բաքվում, որին մենք, բնականաբար, հայտ չէինք ներկայացրել: Եվրոպական ֆեդերացիայի որոշմամբ առաջնության անցկացման վայրը փոխվեց Թուրքիա:
Մենք որոշեցինք բոյկոտել նաեւ Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը: Տղաները ցանկանում են մասնակցել, բայց երկար քննարկումներ ունեցանք, լսեցի յուրաքանչյուրին եւ որոշեցինք չմեկնել Թուրքիա:
Այս որոշումը ունի մի քանի պատճառ: Այն գումարները, որոնք պետք է ծախսենք առաջնությանը մասնակցելու համար, ավելի լավ է այս պահին, պատերազմական այս իրավիճակում թողնենք պետությանը: Այդ ֆինանսն ավելի կարեւոր տեղ կարող է ծախսվել, ինչն օգուտ կտա մեր պետությանը:
Կա մի շատ կարեւոր փաստ. եթե գնալ Թուրքիա, ապա միայն հաղթելու: Հայաստանի հավաքականի դեպքում շատ կարեւոր է Թուրքիայում մեդալ նվաճելն ու դրոշ բարձրացնելը, բայց բոլորիս համար հասկանալի է, որ մեզ այս իրավիճակում թույլ չեն տա այնտեղ դրոշ բարձրացնել: Իսկ գնալ ու առանց մեդալի վերադառնալ, սխալ կլինի:
Չմասնակցելու պատճառներից մեկն էլ նաեւ անվտանգության խնդիրն է: Ցանկացած պահի կարող է լինել սադրանք: Մենք էլ տաք ենք, սառը չենք կարող դատել եւ տրվելու ենք այդ պրովոկացիային: Մի թեթեւ քայլ, խոսք, վերաբերմունք, ես ինքս էլ պատասխան կտամ, վստահ չեմ լռի: Ինձ համար, ու կարծում եմ արդեն բոլորի համար՝ Թուրքիան նույնն է, ինչ Ադրբեջանը: Շատ զայրացած հոգեվիճակ է: Սպորտը երբեք անմասն չի եղել այս պատերազմից»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում