15:37  ,  15 հոկտեմբերի, 2020

Էրիկ Վարդանյանը՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետների և մարզումները վերսկսելու մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատությունից վերականգնվելուց հետո վերսկսել է մարզումները ռուսական «Սոչիի» կազմում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 22-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ լավ է զգում իրեն և մարզվում է առանց սահմանափակումների:

«Հոկտեմբերի 11-ից վերսկսել եմ մարզումներն ընդհանուր խմբում: Այս պահին թիմի հետ մարզվում եմ առանց սահմանափակումների: Ֆիզիկապես նորմալ եմ զգում ինձ: Ճիշտ է, բարդ է, քանի որ մոտ մեկ տարի բաց եմ թողել, բայց արդեն ջանասիրաբար մարզվում եմ և մարզավիճակ հավաքում»,- ասաց Էրիկ Վարդանյանը:

Հարցին, թե նախնական տվյալներով ե՞րբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ, կիսապաշտպանը պատասխանեց. «Դա կորոշի մարզիչը, թե երբ կսկսի ինձ ընդգրկել հայտացուցակում: Կարծում եմ՝ հաջորդ խաղին էլ չեմ հայտավորվի, բայց առաջիկայում պատրաստ կլինեմ դուրս գալ խաղադաշտ»:

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով