17:45  ,  14 հոկտեմբերի, 2020

ՀՖՖ. Էստոնիա - Հայաստան խաղի անցկացմանը վտանգ չի սպառնում

Ֆուտբոլի Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպումը կարող է հետաձգվել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ թիմերից մեկի ադմինիստրատիվ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն նա ինքնամեկուսացել է և շփում չի ունեցել ֆուտբոլիստների հետ:

NEWS.am Sport-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից փորձեց պարզել, թե արդյոք հանդիպման անցկացումը վտանգված է: ՀՖՖ-ից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամեն բան ընթանում է ըստ նախապես ծրագրվածի: Խաղի անցկացմանը վտանգ չի սպառնում:

Էստոնիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հոկտեմբերի 14-ին ՀՖՖ-ն հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն՝ չնայած Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ ստադիոն մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը ստադիոն: Հետևաբար, Էստոնիայում բնակվող հայ ֆանատները չեն կարող մուտք գործել ստադիոն և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով