20:10  ,  12 հոկտեմբերի, 2020

«Ուրարտուի» ֆուտբոլիստ. Հոգեպես լավ վիճակում չենք

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը խոսել է թիմի մարզավիճակի և ստեղծված իրավիճակի մասին: 

«Բոլորս էլ հասկանում ենք, որ թե՛ մեր երկրի, թե՛ ազգի համար այժմ շատ կարևոր ժամանակներ են։ Հոգեպես ոչ մեկս լավ վիճակում չենք, իսկ ֆիզիկապես անընդհատ փորձում ենք ակտիվ լինել, մարզումներ ենք անցկացնում, որևէ խնդիր այս պահին չկա։

Երկու ստուգողական հանդիպում անցկացրինք այս շրջանում՝ «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ։ Նման խաղերում արդյունքն այդքան էլ էական ու առաջնային չէ, սրանք օգնում են, որպեսզի նախ՝ մարզավիճակը չկորցնենք, և հետո լավ առիթ են հանդիսանում նոր բաներ փորձարկելու համար»։

«Ուրարտուում» շատ լավ կոլեկտիվ է, բոլորը շատ նվիրված են, միմյանց լավ հասկանում ենք խաղադաշտում։ Ունենք շատ լավ մանկապատանեկան դպրոց, և կարծում եմ՝ ովքեր այժմ մարզվում են առաջին թիմում, շատ հեռանկարային ֆուտբոլիստներ են, իսկ նրանցից շատերն արդեն համալրել են գլխավոր թիմի կազմը։ Իրենց տրված խաղաժամանակը տղաները պետք է օգտագործեն միմիայն իրենց խաղն ու որակները ցուցադրելու համար»։

Մեծ հույս ունեմ, որ պատերազմը շուտ կավարտվի, ու խաղաղ պայմաններում կվերսկսենք մեր խաղերն արդեն առաջնությունում։ Նպատակները մաքսիմալ են, ամեն խաղի մոտենում ու մոտենալու ենք միայն հաղթանակի համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով սեպտեմբերի 29-ից անորոշ ժամկետով դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով