21:53  ,  11 հոկտեմբերի, 2020

Ազգերի լիգա․ Հայաստան - Վրաստան՝ 2։2 (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում մրցեց Վրաստանի հավաքականի հետ։

Հայաստանում ռազմական դրության պատճառով Լեհաստանի Տիխի քաղաքում անցկացված խաղում իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Վրաստանի թիմը հանդես եկավ ոչ հիմնական կազմով, քանի որ հոկտեմբերի 8-ին Եվրո-2020-ի որակավորման փուլի կիսաեզրափակիչում մրցել էր Բելառուսի թիմի հետ եւ հաղթել 1։0 հաշվով եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար նոյեմբերին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը վրացիների հետ պայքարում առաջինը հասավ հաջողության։

6-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի անցումից եւ փոխանցումից հետո Խորեն Բայրամյանը գրավեց Վրաստանի թիմի դարպասը։

Անցած ամիս նորամուտը Հայաստանի հավաքականում նշած ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց ազգային թիմում։

Վրաստանի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց ընդմիջումից անմիջապես հետո։ 46-րդ րոպեին արագ գրոհից հետո հարձակվող Նիկա Կաչարավան կիսապաշտպան Լեւան Շենգելիայի փոխանցումից հետո գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

74-րդ րոպեին կիսապաշտպան Թոռնիկե Օքրիաշվիլին առաջ մղեց վրացիներին։

88-րդ րոպեին Հայաստանի հավաքականը խփեց երկրորդ գոլը՝ խուսափելով պարտությունից։ Ազգային թիմում 30-րդ գոլը խփեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Այն նշանակվել էր Գեղամ Կադիմյանի հարվածից հետո մրցակցի ձեռքով խաղի պատճառով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղացին սեւ թեւկապերով` ի հիշատակ Հայաստանում եւ Արցախում զոհված խաղաղ բնակիչների:

Այս խմբի մյուս խաղում Էստոնիայի եւ Հյուսիսային Մակեդոնիա թիմերը խաղացին ոչ ոքի՝ 3։3։

Խմբի առաջատարներն են Հյուսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի թիմերը՝ 5-ական միավոր։ Հայաստանը 4 միավորով երրորդն է, Էստոնիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Էստոնիայի թիմին, Վրաստանի հավաքականը՝ Հյուսիսային Մակեդոնիային։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ խումբ, երրորդ տուր

Հայաստան - Վրաստան՝ 2։2

Խորեն Բայրամյան, 6, Հենրիխ Մխիթարյան, 88 - Նիկա Կաչարավա, 46, Թոռնիկե Օքրիաշվիլի, 74

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո (Յուրի Գարեգինյան, 67), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 89), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 67):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում