09:15  ,  11 հոկտեմբերի, 2020

Հայաստան - Վրաստան՝ չեզոք դաշտում. Պատմություն, կորուստներ, Մխիթարյանի վերադարձ

Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում կմրցի վրացիների հետ: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում: Ամենևին էլ չքաղաքականացնելով սպորտը և չբացելով փակագծեր՝ հասկանալի է, որ այս օրերին սա շատ կարևոր դիմակայություն է մեզ համար:

Պատմություն

Հայաստանի և Վրաստանի հավաքականներն առաջին անգամ կհանդիպեն պաշտոնական խաղում: Նախկինում թիմերը հանդիպել է 5 անգամ, բոլորը՝ ընկերական հանդիպումներում: Այդ խաղերում 3 հաղթանակ տարել են վրացիները, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, ևս մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վրացիների նկատմամբ միակ հաղթանակը տարել է 2004 թվականին, երբ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած խաղում գոլի հեղինակ էին դարձել Արման ու Արտավազդ Քարամյան եղբայրները՝ 2:0:

Նախորդ խաղերը

Ազգերի լիգայի այս մրցաշարի մեկնարկային 2 տուրերում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային և 2:0 հաշվով հաղթել էստոնացիներին: Էստոնիայի նկատմամբ հաղթանակն իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի համար առաջինն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրանից առաջ հայկական թիմը կրել էր 4 անընդմեջ պարտություն:

Վրաստանի հավաքականն առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթել է Էստոնիային, իսկ երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել մակեդոնացիների հետ՝ 1:1: Վրաստանի հավաքականը նախորդ խաղն անցկացրել է հոկտեմբերի 8-ին, երբ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Նոյեմբերին կայանալիք խաղում Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու դեպքում վրացիները կնվաճեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Եվրո-2021-ի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու իրավունք թիմը նվաճել է Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում հաջող ելույթների շնորհիվ:

Կորուստներ

Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից վնասվածքի պատճառով հավաքին չեն մասնակցում Սարգիս Ադամյանը, Հովհաննես Համբարձումյանը և թիմի նորեկ Արշակ Կորյանը: Ռուսական «Խիմկիի» հարձակվող Կորյանը վատ տպավորություն չէր թողել նախորդ 2 խաղերում: Այս անգամ հավաքականին չի միացել նաև արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Հավանաբար, չի խաղա նաև Գևորգ Ղազարյանը, որը վերջերս է ապաքինվել վնասվածքից:

Վրաստանի հավաքականին չի օգնի բելգիական «Գենտի» 21-ամյա կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն: Վրացական ֆուտբոլի ծագող աստղը վնասվածքով է միացել հավաքականին և չմասնակցեց նաև նախորդ խաղին: Հանդիպումը բաց կթողնի նաև Վրաստանի հավաքականի առանցքային եզրային պաշտպան, իսպանական «Տեներիֆեում» հանդես եկող Օթար Կակաբաձեն:

Մխիթարյանի վերադարձը

Երևի, ավելորդ է նշել, թե որքան կարևոր խաղացող է Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի համար: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը տարբեր պատճառներով բաց է թողել Հայաստանի հավաքականի նախորդ 6 խաղերը, որոնցում թիմը տարել է մեկ հաղթանակ, կրել 4 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի: Մխիթարյանը նախորդ անգամ ազգային թիմում խաղացել է Բոսնիա-Հերցեգովինայի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում (4:2), որը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում: Էստոնիայի դեմ նախորդ խաղում Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի հաղթանակի հասավ 13 տարվա ընդմիջումից հետո: Նախորդ անգամ Հայաստանի հավաքականը առանց Հենրիխի հաղթել էր 2007-ի սեպտեմբերի կայացած Մալթայի հավաքականի հետ ընկերական խաղում:

Չեզոք դաշտում՝ տանտիրոջ կարգավիճակով

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում: Խաղը կընդունի Լեհաստանի Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնը:

Նորակառույց ստադիոնը բացվել է 2015 թվականին, շինարարական աշխատանքները տևել են 2 տարի: Դրանից առաջ նույն տարածքում գործում էր մեկ այլ ստադիոն, որտեղ առաջին հանդիպումն անցկացվել էր 1970 թվականին: Նոր ստադիոնը հյուրընկալում է 15300 հանդիսական: Այս ստադիոնում տնային հանդիպումներն է անցկացնում Լեհաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տիխի» ակումբը, որը հիմնադրվել է 1971 թվականին:

2017-ին Տիխիի քաղաքային ստադիոնը հյուրընկալել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության 3 խաղեր, ինչպես նաև 2019թ. աշխարհի Մ-20 առաջնության 7 հանդիպումներ:  

Մրցակիցը՝ ծանոթ մարզիչով

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Վրաստանի հավաքականը զբաղեցնում է 94-րդ տեղը (Հայաստանը 106-րդն է): 2016 թվականից Վրաստանի հավաքականը գլխավորում է սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսը, որը լավ ծանոթ է Հայաստանի հավաքականին: Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2 անգամ հաղթել է (3:1, 4:0) Սլովակիայի հավաքականին, որն այդ ժամանակ գլխավորում է Վլադիմիր Վայսը: Ղազախական «Կայրաթը» գլխավորելիս սլովակ մասնագետը եղել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի մարզիչը: Վերջին տարիներին Վրաստանի հավաքականը նկատելի առաջընթաց է գրանցել 56-ամյա մարզիչի գլխավորությամբ:

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում են 3.20 գործակցով, վրացիներինը՝ 2.20, իսկ ոչ ոքին՝ 3.10:

Ազգերի լիգա, երրորդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հայաստան - Վրաստան՝ 20:00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Իվան Բեբեկ (Խորվաթիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում